ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ավիացիան հարվածներ է հասցրել Սիրիայում կառավարամետ ուժերին։ Այս մասին հայտնել է ԴԱԻՇ-ի դեմ գործողության շտաբի մամլո ծառայությունը։
Սիրիայի կառավարամետ ուժերը փետրվարի 7-ին նախաձեռնել են չհրահրված հարձակում «Սիրիայի դեմոկրատական ուժերի» շտաբի վրա։ Այդ ժամանակ կոալիցիայի զինծառայողները, որպես խորհրդականներ, օգնականներ և ուղեկցող ուժեր, գործընկերների հետ գտնվել են 8 կմ արևելք Եփրատի՝ կոնֆլիկտների կանխման համաձայնեցված գծից։
«Կոալիցիոն և գործընկերային ուժերի պաշտպանության համար կոալիցիան հարվածներ է հասցրել հարձակվող ուժերին՝ հետ մղելու ԴԱԻՇ-ի դեմ պայքարին մասնակցող գործընկերների հանդեպ ագրեսիայի դրսևորումը»,-ասվում է հաղորդագրությունում։
Հարձակման արդյունքում տուժածների մասին տեղեկություն չի ստացվել։









































