YouTube-ում մասսայականություն է վայելում չինական «Յոթ սալոր» ալիքը։ Տեսահոլովակների հերոսուհին երիտասարդ աղջիկ է, ով, հանգիստ երաժշտության տակ, անձայն զբաղվում է իր գործերով։
Հրապարակված բոլոր 34 տեսահոլովակները նվիրված են կենցաղային գործերին, սակայն չինուհին չի օգտագործում ժամանակակից տեխնոլոգիաներ և էլեկտրական սարքեր։ Օրինակ, աղջիկը շոր է կարում հին կարի մեքենայով։ Տեսանյութի հերոսուհին թուղթ է ստեղծում, ծաղիկներից՝ շպար և նույնիսկ շորի համար բնական գունանյութ, ինչպես նաև ուտելիքներ է պատրաստում։
Բլոգերի երկրպագուները կարծում են, որ նա ապրում է հեռավոր շրջանում։ Հանգստացնող հոլովակները ավելի քան 100 հազար դիտում են ունենում ամեն օր, չնայած այն հանգամանքին, որ ոչ տեսանյութերում, ոչ մեկնաբանություներում որևէ ուղեցույց չկա, որպեսզի օգտատերերը կարողանան կրկնել նրա բաղադրատոմսերը։
YouTube-ում իր ալիքը նա բացել է 2017 թվականի օգոստոսից։ Այս ընթացքում նրա հոլովակները ավելի քան 6,5 միլիոն դիտում են հավաքել։











































