«Ասում են՝ ահագին բարեփոխումներ են եղել, սպասում ենք այդ բարեփոխումներին ծանոթանալուն, որ հասկանանք՝ եթե այդ նոր պայմանները ժողովրդին ձեռք կտան՝ կաշխատենք, չեն տա՝ կշարունակենք մեր պայքարը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Համերաշխություն» ՀԿ նախագահ Արմեն Ներսիսյանը՝ անդրադառնալով «Առինջ մոլ» տոնավաճառի աշխատակիցների հետագա անելիքներին։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ՊԵԿ-ը բառացիորեն տեռորի էր ենթարկում տոնավաճառի աշխատակիցներին։ Հարկայինի աշխատակիցները դուրս չէին գալիս տոնավաճառի տարածքից և պարբերաբար տուգանում էին աշխատակիցներին՝ պահանջելով ապահովել 100 տոկոս փաստաթղթաշրջանառություն, առևտուր անելիս՝ ՀԴՄ կտրոնի տրամադրում։ Առևտրականներն էլ պնդում էին, որ հնարավոր չէ այդ պայմաններով աշխատել, և փողոց էին դուրս եկել, ակցիաներ էին անում կառավարության դիմաց։
Մինչ բարեփոխումները, սակայն, Ներսիսյանի խոսքով՝ առևտրականները աշխատում են նոր պայմաններով։ ««Նոր ֆոլկ» ներմուծող ընկերությունից փաստաթուղթ է տրամադրվում, ընկերությունում ասում են, թե տվյալ ապրանքը ինչ գնով է ձեռք բերել։ Քաղաքացու ասած գնի հիման վրա «Նոր ֆոլկ»-ը փաստաթուղթ է տրամադրում, քաղաքացին վերցնում և սկսում աշխատել։ Նա էլ ինչ աշխատում է, պետք է իր վաճառքը ցույց տա։ Դե, այս տարվա հունվարից էլ արդեն անցում են կատարել 1.5 տոկոս հարկման տեսակին։ Քաղաքացին էլ պարտավորվում է ՀԴՄ խփել և վաճառած ամեն ինչի 1.5 տոկոսը տալ պետությանը՝ որպես հարկ։ Հիմա ժողովուրդը աշխատում է այս պայմաններով, և ոչ մի արտառոց բան չկա, բողոքներ չկան։ Ինչպես նաև հարկայինից չեն գալիս, ստուգումներ չկան, առևտրականներին տուգանելու փորձեր չկան»,- ասաց մեր զրուցակիցը։
Մեր դիտարկմանը, թե «Նոր ֆոլկ» ընկերությունը հավատո՞ւմ է առևտրականների բանավոր խոսքին և նրանց նշած գնի հիմքո՞վ է փաստաթուղթ տրամադրում, Ներսիսյանը պատասխանեց. «Այո։ Նախ՝ առևտրականից հարցնում են, թե տվյալ ապրանքը ինչ գնով է առել։ Հիմա եթե քաղաքացին դա գնած լինի 5 դոլարով և «Նոր ֆոլկում» գրի 1 դոլար, ապա վաղը-մյուս օրը մեկը կգա և կստուգի քեզ ու կտեսնի, որ նա դա վաճառում է 8 դոլարով, որից հետո քաղաքացին կընկնի ռիսկային գոտի։ Դրա համար էլ քաղաքացիները «Նոր ֆոլկում» ճիշտ գին են նշում՝ ավելորդ գլխացավանքներից խուսափելու համար»,- նշեց Ներսիսյանը՝ հավելելով, որ առաջիկայում, երբ քաղաքացիների հարկային բեռը մի քիչ էլ ավելանա, նրանք բացարձակ չեն կարող ամբողջությամբ հարկային դաշտում աշխատել։
«Համենայնդեպս, հիմա ասում են, որ ապրիլից փոփոխություններ են լինելու։ Տեսնենք՝ ինչ փոփոխությունների մասին է խոսքը, վերջնական ինչի վրա են կանգ առնելու, նոր կարելի է խոսել։ Ասում են՝ ՊԵԿ-ում ժողով է լինելու, հանրային սեկտորին, ՀԿ-ներին հրավիրելու են, ես էլ եմ գնալու։ Գնամ տեսնեմ՝ ինչ են ասում, նոր պարզ կլինի»,- եզրափակեց մեր զրուցակիցը։











































