Երեկ երեկոյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի առջև ելույթ է ունեցել «Երկրի դրության մասին» ամենամյա ուղերձով։

Չնայած ավանդույթներին՝ Մելանյա Թրամփը Կոնգրես է ժամանել Դոնալդ Թրամփից առանձին։ Համաձայն արարողակարգի՝ պետության ղեկավարի կինը պետք է ուղեկցի նրան պաշտոնական արարողությունների ժամանակ, սակայն Թրամփները Կապիտոլիում են ուղևորվել տարբեր մեքենաներով, բացի այդ, Մելանյան Կոնգրես է այցելել իր հյուրերի ուղեկցությամբ, որոնց համար առանձին ընդունելություն է անցկացրել։

Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսը ոչ մի զարմանալի բան չի տեսել առաջին տիկնոջ արարքում։ Նրա խոսքով՝ Մելանյան այդպես է վարվել «առանց որևէ պատճառի, պարզապես ցանկացել է ուշադրություն դարձնել իր հյուրերին»։

Արարողակարգի անտեսումը դարձել է ևս մեկ ապացույց այն բանի, որ Մելանյան վիրավորված է ամուսնուց։ Հիշեցնենք, որ Մելանյան հրաժարվել էր ուղեկցել ամուսնուն նաև Դավոս կատարած ուղևորության ժամանակ։











































