Հունական ERT հեռուստաալիքի աշխատակիցները, որոնց ոստկանությունը վտարել է հեռուստակենտրոնից, ստուդիա են բացել հենց փողոցում: Նոյեմբերի 7-ին իրավապահները գրավել են հեռուստաալիքի գրասենյակը:
Պետական հեռուստաալիքը փակվել էր դեռևս սույն թվականի հուլիսին` կապված կոշտ տնտեսական միջոցառումների հետ: Լրագրողները, սակայն, հրաժարվել են լքել աշխատավայրը և շարունակել են աշխատանքի գնալ, իսկ ալիքը հեռարձակվել է համացանցի միջոցով:
SkyNews-ի տվյալներով` այսպես ասած, «հարձակումը» տեղի է ունեցել առանց բռնության: Ոստիկանները միայն ստիպված են եղել կիրառել արցունքաբեր գազ` գրասենյակի մուտքի առջև հավաքված ամբոխին ցրելու համար:
Ոստիկանները շենքից դուրս են բերել փակված հեռուստաալիքի մոտ 200 աշխատակիցների: Լրագրողների խմբի ներկայացուցիչ Մակի Նիկոլարան ասել է. «Մենք` ERT-ի աշխատակիցներս, շարունակում ենք մեր գործունեությունը: Մոտ օրերս մենք հնարավորություն կգտնենք եթերով ռադիո և հեռուստահաղորդումներ հեռարձակելու համար նույն պրոֆեսիոնալիզմով, ինչպես աշխատում էինք նախկինում»:











































