Այսօր Սերժ Սարգսյանը ելույթ կունենա ԵԽԽՎ-ում: Սարգսյանի ելույթին նախորդել է բարձր մակարդակի հանդիպումը Փարիզում, ու ԵԽԽՎ ելույթն այդ իմաստով ուղղակի թե անուղղակի կհանդիսանա փարիզյան հանդիպման, այսպես ասած, շարունակությունը: Փարիզյան հանդիպումը Սերժ Սարգսյանի համար ըստ էության վճռորոշ էր լինելու հետնախագահական պլանների կամ, ավելի շուտ, Հայաստանի իշխանության համակարգի վերադասավորման ու տրանսֆորմացիայի նրա պլանների եվրոպական հավանության տեսանկյունից:
Եվ այդ իմաստով ԵԽԽՎ ելույթը դառնում է նշանային, և ըստ այդմ՝ դրա բնույթից հնարավոր կլինի թերևս որոշակի պատկերացում կազմել Սարգսյանի հետագա ծրագրերի, պլանների վերաբերյալ: Սարգսյանը ներքին ամբիոններում ունեցել է մի քանի ծրագրային ելույթ, որոնք հանրության մեջ թողել են տպավորություն, որ նա պատրաստվում է նախագահի պաշտոնից հետո անցնել վարչապետի պաշտոնի:
ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի ելույթը թերևս ծրագրային կարող է լինել արտաքին ամբիոնների իմաստով, և այն ամենը, ինչ կասի Սերժ Սարգսյանն այսօր Ստրասբուրգում, թերևս իր տողատակում որոշակիորեն կուրվագծի այն, թե ինչ է պատրաստվում Հայաստանում անել Սարգսյանն իշխանական համակարգում ապրիլին: Դա բոլորովին չի նշանակում, որ Սերժ Սարգսյանը Ստրասբուրգում մի քանի ժամ անց բացելու է իր բոլոր խաղաքարտերը: Ավելին, շատ բան կախված է, իհարկե, այն բանից, թե ինչպես է ընթացել նրա բանակցությունը Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ:
Ֆրանսիան Հայաստանի համար առանցքային դեր ունեցավ Հայաստան-ԵՄ նոր երկխոսության սկզբնավորման և տրամաբանական ավարտին հասցնելու հարցում, և այս տեսանկյունից Սերժ Սարգսյանն էլ, Մակրոնն էլ իրենց հանդիպումից հետո արած հայտարարություններում ընդգծեցին այդ փաստը, իսկ Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Ֆրանսիային այդ դերակատարման համար:
Ներկայիս փուլում հարցը կամ Ֆրանսիայի դերն այն է, կամ Սերժ Սարգսյանի ակնկալիքը Ֆրանսիայից այն է, թե արդյոք Փարիզը Հայաստան-ԵՄ երկխոսության պլանն առաջ մղելուց հետո կհամաձայնի՞, պատրաստակամ կլինի՞ Եվրոպայում առաջ մղել Սերժ Սարգսյանի քաղաքական ծրագրերը: Մակրոնի հետ հանդիպումը այդ տեսանկյունից, գոնե հրապարակային հայտարարությունների մասով, թողել է հակասական տպավորություն:
Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ ելույթին անկասկած պատրաստվել է շատ ավելի վաղ, սակայն հարցն այն է, թե արդյոք Մակրոնի հետ հանդիպումից հետո առաջացե՞լ է Ստրասբուրգում ունենալիք ելույթում արագ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն, և որքանո՞վ դրանք կարող են լինել սկզբունքային:









































