Պաշտոնապես հերքվել են վերջերս տարածված շշուկներն այն մասին, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը իբրև թե մտադիր է նշանակել կին կարդինալ: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Վատիկանի մամլո ծատայության ղեկավար Ֆեդերիկո Լոմբարդին:
Լոմբարդին հավաստիացրել է, որ Հռոմի պապը կին կարդինալ չի նշանակի, չնայած աստվածաբանորեն և տեսականորեն դա հավանական է:
Այս թեմայի շուրջ շահարկումներն ինտենսիվորեն շրջանառվում էին Իռլանդիայում, որտեղ թերթերը հաղորդում էին, որ աստվածաբան Լինդա Հոգենը կարդինալ դառնալու ամենահավանական թեկնածուն է:
Ֆրանցիսկոսից սպասում են ամենատարբեր նորարարություններ, այդ թվում՝ եկեղեցում կնոջ կարգավիճակի հարցի վերաբերյալ: Սակայն նա հստակ կերպով անդրադարձել է այս խնդրին և ասել, որ կանանց ձեռնադրման հարցում եկեղեցին արդեն իր խոսքն ասել է, Հովհաննես Պողոս 2-րդը այս հարցում վերջնական կերպով արտահայտել է եկղեկցու դիրքորոշումը, և դուռը փակ է:
«Սակայն թույլ տվեք մի բան ասեմ: Աստվածամայրը ավելի կարևոր էր, քանի բոլոր առաքյալները, եպիսկոպոսները, քահանաները: Եկեղեցին իգական սեռ է, քանի որ ըստ էության հարսնացու և մայր է: Կանայք մեծ դեր են խաղում դրանում, որն ավելի կարևոր է, քան կարդինալներինը, եպիսկոպոսներինը կամ քահանաներինը»,- ասել է նա:









































