«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի գլխավորած հեղափոխությունը, որը սկսվեց և շարունակվեց պայթյուններով և բախումներով, հանրության կողմից շարունակվում է քննարկվել: Մի մասը պնդում է, որ մեզնից յուրաքանչյուրը Շանթ է, մյուս մասը դատապարտում է նրա արարքը:
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցին՝ սա համբերության բաժակը լցվելու պոռթկո՞ւմ էր, թե՞ ահաբեկչություն, նշեց, որ մեր հասարակությունը երկակի ուղերձ ստացավ Շանթ Հարությունյանի նախաձեռնությունից: Ըստ նրա՝ դրական ուղերձն այն է, որ իրոք համբերության բաժակը լցվել է, իսկ համբերության բաժակը լցվելու բազմաթիվ առիթներ են լինում առօրյայում, և միգուցե շատ օգտակար է հասարակությանն արթնացնելու համար ժողովրդական լեզվով ներկայացնելը: Սակայն դրա կատարման եղանակը, Բորիս Նավասարդյանի կարծիքով, հասարակության համար կարող է բացասական ուղերձ հանդիսանալ. ոչ թե որովհետև բռնության տարրեր էր պարունակում, այլ որքանո՞վ է դա լուրջ և որքանով հեռանկարային:
Ըստ Բ. Նավասարդյանի՝ վերջին տարիների մեր պատմությունը ցույց է տալիս, որ ցանկացած փորձ, որը ձախողվում է, «խորացնում է ապատիան ժողովրդի մեջ»: Բորիս Նավասարդյանը կարևորում է այնպիսի նախաձեռնությունները, որոնք արագ չեն ավարտվում, այլ շարունակական են և իրենց մեջ ռազմավարության, հայեցակարգային մոտեցման տարրեր են պարունակում:
Մեր այն դիտարկմանը, որ դանդաղ գործընթացներն էլ մեծ հաշվով արդյունքներ չեն տալիս, նա պատասխանեց, որ «պայթյունատիպ» միջոցառումներ պետք է լինեն, բայց դրանք պետք է լինեն հետագա զարգացման տեսլականով, որ հերթական ապատիայի միտումը հասարակության մեջ չտարածվի. «Հուսով եմ, որ այս դեպքում դա այդպես չէ, բայց այն հասարակության մեջ կարող է այդպիսի ընկալում առաջացնել, որ անլուրջ է և անիմաստ ցանկացած այս տիպի փորձ»:
Հարցին՝ կատարվածն իշխանություններին սթափեցնելու կո՞չ կարող է դիտարկվել, ի վերջո՝ մենք ուզում ենք իշխանությո՞ւնը փոխել, թե՞ փոփոխված իշխանություն տեսնել, Բորիս Նավասարդյանը պատասխանեց, որ հիմնական նպատակը փոփոխված իշխանությունն է, բայց եթե իշխանությունները չեն սթափվում ոչ մի բանից և այնպիսի իշխանություն են, որ ոչ մի բան չեն սովորում, որոնք արդեն այնքան են կարծրացել, որ նույնիսկ իրավիճակի վերլուծության, իրավիճակի զարգացման և կանխատեսման ունակությունն են կորցրել, միգուցե իշխանությունը պետք է փոխվի, ճիշտ է՝ անկախ նրանից ով է գալիս, որ նոր լիցք հաղորդի հասարակական ակտիվությանը:
«Չգիտեմ՝ այսօր որ լուծումն է ավելի արդյունավետ: Ինձ թվում է՝ արդյունավետ կլինի այն լուծումը, որը հետևողական է լինելու՝ անկախ նրանից՝ ինչպիսին է հարցադրումը՝ փոփոխվա՞ծ իշխանություն, թե՞ իշխանության փոփոխություն: Կարևորը հասարակությանը արթնացնի, հասարակությանը ապատիայից դուրս բերի և իր ճակատագրի մասին մտածելու, պատասխան տալու ունակությունն արթնացնի»,- ասաց Բորիս Նավասարդյանը՝ հավելելով, որ այնուամենայնիվ, սա այն մասշտաբի միջոցառումը չէ, որ հասարակությունն առանց լիդերների շարունակի: Նրա խոսքով՝ լիդերներ, նախաձեռնողներ, ակտիվ մարդիկ են պետք, որպեսզի ինչ-որ ժամանակ անց արթնանա հասարակությունը:
Առայժմ, ըստ նրա, հասարակությունը պահանջ ունի կոնկրետ մարդկանցից, անձերից. «Մեր հասարակությունն այնպիսին է, որ պետք է գցեն-բռնեն, նայեն այս մարդը ինչ է անում, ինչպես է գործում, որպեսզի այդ գործողություններով և այդ կոչերով իրենց վճռականությունն ապացուցեն և վարակեն ամբողջ հասարակությանը քաղաքացիական ակտիվությամբ»:









































