Ֆրանսիայի Ռազմական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ Կայծ Մինասյանի կարծիքով՝ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի գալիք հանդիպումը միանշանակ դրական քայլ է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Մինասյանը նշեց, որ սա երկու տարվա ընդմիջումից հետո առաջին ուղղակի հանդիպումն է, և կարևոր է իմանալ նաև հանդիպման վայրը և կոնկրետ օրը․ «Բացի այդ կարևոր եմ համարում քաջալերել Մինսկի գործընթացը, այն մի քիչ դանդաղ է կամ կարելի է ասել՝ մեռած, բայց ոչ թաղված, հետևաբար պետք է փրկել: Հատուկ ուզում եմ ընդգծել նաև Ամերիկայի համանախագահ Ուորլիքի վերջին հայտարարությունը: Նա մեծ պատասխանատվություն է վերցնում, կարելի է նաև ասել՝ իր բարի գալուստն է»:
Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ վերջին շրջանում մի շարք փոփոխություններ եղան, որոնք որոշակի լարվածություն առաջացրեցին: Այդպիսիսին էր, օրինակ, Ադրբեջանի պաշտպանության նախարարի փոփոխությունը: Բացի այդ, Մինասյանը կարևորեց այն հանգամանքը, որ և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում նախագահական ընտրություններն այլևս անցյալում են․ «Իմ կարծիքով՝ համանախագահները հիմա չեն ուզում ժամանակ կորցնել, ճիշտ հակառակը՝ երկու նախագահների, երկրների վրա ճնշում են գործադրում՝ առ այն, որ այլևս պետք է դրական ձևով առաջ գնալ: Հետո՝ Ալիևը կարծես թե փոխել է կեցվածքը, ավելի չափավոր ձևով է մոտենում հարցերին, և ինչու չէ՝ Հայաստանի վերաբերյալ… Սաֆարովի ոճը վերջացած է՝ ըստ իրենց: Ալիևը գիտի, որ շատ դժգոհություններ կան թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ, և ուզում է ցույց տալ, որ պատրաստ է խաղաղության»:
Կայծ Մինասյանի գնահատմամբ՝ Մինսկի ձևաչափը և Մինսկի խմբի ձևերը չեն ընդունվում Ալիևի կողմից, մինչդեռ Հայաստանի կողմից այն ավելի ընդունված է․ «Հայաստանի համար լավ է, միշտ ասում է՝ մենք պատրաստ ենք խաղաղության, այնինչ Ադրբեջանն այդքան էլ այդ կարծիքի չէ: Չգիտեմ՝ կամաց-կամաց կգա՞ն ինչ-որ բանի: Չեմ կարծում, թե առաջին հանդիպումը ինչ-որ բան կտա, բայց պետք է փրկել գործընթացը»:
Մեր այն հարցին, թե արդյո՞ք համանախագահները չունեն իրենց ազգային շահերը, ամեն մեկը չի՞ փորձում յուր պետության շահերն առաջ տանել այս հարցում, Մինասյանը պատասխանեց. «Կա և չկա, այսինքն՝ ազգային շահեր կան և չկան: Չկա, որովհետև խնդիրներ են ստեղծվում Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև՝ Սիրիայի վերաբերյալ, կամ Ամերիկայի և Ռուսաստանի միջև՝ նույն Սիրիայի վերաբերյալ․ նրանք մի քիչ չեզոք լծակ են:
Եվ կա, օրինակ, Հայաստանում ռուսական ռազմակայանի հրամանատար Անդրեյ Ռուզինսկու հայտարարությունը, որ եթե Ադրբեջանը հարձակվի Ղարաբաղի վրա, մենք պետք է պաշտպանենք՝ դա ազգային շահ է, և ադրբեջանցիները հասկացել են դա: Կարող եմ ասել, որ այդ հայտարարությունը սեպտեմբերի 3-ի արդյունքն ու հետևանքն է:
Բացի այդ, ամերիկացիները նոր համանախագահ նշանակեցին, որ ավելի փորձառու է, որ ուղղակի մենակ գնում է Բաքու հետո՝ Հայաստան, պատասխանատու հայտարարություններ անում, այսինքն՝ ազգային շահեր կան: Միշտ պետք է հաշվի առնել ազգային շահերը, բայց քանի որ երեք պետությունների համար շատ կարևոր է Մինսկի խումբը՝ տարածաշրջանում խաղաղություն պահպանելու կոնտեքստում, ուրեմն չեն ուզում ուղղակի իրենց ազգային շահի համար այն շահագործել, այն դիվանագիտության առումով է առկա»:
Փորձագետի կածիքով, վաղ է ասել՝ Մինսկի խմբին կհաջողվի՞ որևէ դրական արդյունքի հասնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում, բայց նա վստահություն հայտնեց, որ այդ գործընթացը պետք է քաջալերվի. «20 տարի է՝ մի բան կսպասենք: Սկզբունքներ կան, որ Ադրբեջանը չի ընդունում, բայց Հայաստանը ընդունում է: Կա, որ Ադրբեջանն ընդունում է, Հայաստանը՝ ոչ, այսինքն եթե Ադրբեջանն ընդունում է, Հայաստանը կամ գոնե Ղարաբաղը չեն ընդունում: Սպասենք հանդիպմանը և հուսանք, որ արդյունք կտեսնենք»,- եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել տարածաշրջան կատարած այցի ավարտին, ըստ որի՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները համաձայնել են հանդիպել այս ամիս՝ շուրջ երկու տարի շարունակված դադարից հետո։
«Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հաստատել են 2013 թվականի նոյեմբերին հանդիպելու պատրաստակամությունը՝ իրենց դիրքորոշումները խնդրի կարգավորման շուրջ հստակեցնելու և առաջ շարժվելու հնարավորությունները քննարկելու համար»,- հայտարարում են միջնորդները։









































