ԱՄՆ-ը հակված է ուժեղացնել համագործակցությունը Գերմանիայի հետ հետախուզությունների գծով, սակայն նրանց միջև համաձայնագրի կնքում, որը կարգելի միմյանց նկատմամբ լրտեսումը, քիչ հավանական է թվում՝ հայտարարել է ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
«Ներկայում մենք բանակցություններ չենք անցկացնում համապարփակ համաձայնագրի մասին, որը կարգելի լրտեսումը միմյանց նկատմամբ, սակայն մենք համաձայն ենք աշխատել մեր երկրների միջև մեծ փոխըմբռնում ձեռք բերելու ուղղությամբ»,- ասել է նա: Ներկայացուցչի փոխանցմամբ՝ եթե իրենք դա անեն պատշաճ կերպով, ապա դա կարող է ամրապնդել իրենց հարաբերությունները:
Ներկայում ԱՄՆ-ը փոխադարձ հետախուզական գործունեությունից հրաժարվելու համաձայնագիր ունի 4 պետությունների՝ Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հետ: Այդ խումբը, որի շրջանակում իրականացվում են հետախուզական տեղեկությունների սերտ փոխանակություն, անվանում են «Հինգ աչք»:
Մասնագետները կարծում են, որ հազիվ թե որևէ մեկն ավելանա այդ խմբում: Դրա համար կպահանջվի յուրաքանչյուր անդամի համաձայնությունը:










































