Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի մորաքույրը քաղաքական ապաստան է գտել ԱՄՆ-ում՝ հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով հարավկորեական ԶԼՄ-ներին:
«Չունան Իլբո» թերթը, հղում անելով հարավկորեական հատուկ ծառայություններին և դիվանագիտական շրջաններում իր աղբյուրներին, գրում է, որ Կիմ Չեն Ինի մոր քույրը՝ Կո Յեն Սոկը, ում մասին որևէ տեղեկատվություն չի եղել 1998 թ. ի վեր, այդ ամբողջ ընթացքում գտնվել է ԱՄՆ-ում:
Հարավկորեական թերթի փոխանցմամբ՝ 1996թ. Սոկը զարմիկի հետ մեկնել է Բեռն, որտեղ Հյուսիսային Կորեայի ապագա առաջնորդը սովորել է միջազգային դպրոցում: Շվեյցարիա ժամանելուց հետո Կո Յեն Սոկը դիմել է ԱՄՆ դեսպանատուն՝ խնդրելով ապաստան տրամադրել իրեն: ԱՄՆ-ը համաձայնել է ընդունել Հյուսիսային Կորեայում իշխող ընտանիքի անդամին:
Թերթի տվյալներով՝ Կիմ Չեն Ինի 54-ամյա մորաքույրը և նրա ամուսինը ԱՄՆ-ում ենթարկվել են պլաստիկ վիրահատության՝ փոխելով իրենց արտաքինը:Նրանց տրամադրվել է պաշտպանության հատուկ ծրագիր:









































