Բրիտանական հատուկ ծառայությունները, ինչպես նաև ամերիկացի գործընկերները, Բեռլինի կենտրոնում տեղակայված իրենց դիվանագիտական ներկայացուցչության շենքն օգտագործում են գաղտնի տեղեկատվություն հավաքելու համար: Այս մասին հաղորդում է The Independent-ը՝ վկայակոչելով փաստաթղթերը, որոնք ներկայացրել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բեռլինի կառավարական թաղամասում էլեկտրոնային հաղորդակցության լրտեսում իրականացնում են ԱՄՆ հատուկ ծառայությունները ամերիկյան դեսպանատնից, որոնք կարող էին գաղտնալսել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի բջջային հեռախոսը:
Պարբերականի տվյալներով՝ Գերմանիայի մայրաքաղաքի կենտրոնում նման գործունեությամբ է զբաղվում նաև բրիտանական դեսպանատունը, որի տանիքին այս նպատակների համար տեղադրվել է բարձրտեխնոլոգիական սարքավորում:
Թերթը, վկայակոչելով ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության փաստաթղթերը, նշում է, որ գերատեսչությունում ԿՀՎ հետ համատեղ գործում է գաղտնի ստորաբաժանում, այսպես կոչված՝ Տվյալների հավաքագրման հատուկ ծառայություն (Special Collection Service, SCS):
Վերջին ժամանակներս Վաշինգտոնը փակել է SCS-ի շուրջ 100 ստորաբաժանում, որոնք գործել են ամերիկյան դեսպանատների տարածքում ամբողջ աշխարհով մեկ, և դրանց գործառույթների մի մասը փոխանցել է բրիտանական կառավարական կապի կենտրոնին:
2010թ. Եվրոպայում, այդ թվում՝ Բեռլինում և Ֆրանկֆուրտում, եղել է SCS-ի 19 ստորաբաժանում:









































