ԵՄ-ում ամենաաղմկոտ հարևանները բնակվում են Մալթայում։ Մալթայի բնակիչների 26%-ը գանգատվում է, որ իրենց պարբերաբար անհանգստացնում են աղմկոտ հարևանները կամ փողոցի անցորդները։ Դա ռեկորդային ցուցանիշ է ԵՄ-ում։
Գերմանացիների և հոլանդացիների 25%-ը նույնպես կարծում է, որ իրենց թույլ չեն տալիս տանը հանգիստ ապրել չափազանց բարձր կողմնակի ձայները։ Աղմուկից ամենից քիչը գանգատվել են Իռլանդիայի (8%), Խորվաթիայի (9%), Բուլղարիայի և Էստոնիայի (10%) բնակիչները։

Եվրոստատի տվյալներով՝ միջինը եվրոպացիների 18%-ը կարծում է, որ հարևանների կամ փողոցի աղմուկը խիստ խանգարում է իրենց։ Զարմանալի չէ, որ քաղաքի բնակիչների շրջանում ցուցանիշը կրկնակի մեծ է, քան գյուղաբնակների շրջանում՝ 23% ընդդեմ 10%-ի։

Բացի այդ, որքան շատ մարդիկ են միասին ապրում, այնքան ավելի քիչ են նկատում կողմնակի աղմուկը։ Աղմուկից գանգատվում են միայնակ եվրոպացիների 21%-ը և 2 երեխա ունեցող ընտանիքների միայն 17%-ը։









































