Իրանը չի ձգտում Պարսից ծոցում փակել Հորմուզի նեղուցը: Ինչպես հաղորդում է Press TV-ն, այս մասին կիրակի հայտարարել է երկրի ռազմածովային ուժերի հրամանատար Հոբիբոլլահ Սայարին:
Նրա խոսքերով՝ Իրանի ռազմածովային ուժերը ի վիճակի են փակել Հորմուզի նեղուցը, սակայն չեն ձգտում դա անել:
«Ցանկացած մարդ, ով կարող է ապահովել անվտանգությունը ծովում, կարող է փակել այն կարճ ժամանակում, սակայն մենք նեղուցի փակման «կողմնակից» չենք»,- ասել է նա:
Հորմուզի նեղուցը ռազմավարական կարևոր նշանակություն ունի ոչ միայն Իրանի, այլև ամբողջ աշխարհի համար: Դրանով տեղափոխվում է համաշխարհային արտահանվող նավթի 40%-ը: Իրանի իշխանությունները մեկ անգամ չէ, որ հայտարարել են նեղուցը փակելու մասին, եթե երկրի միջուկային հարցի շուրջ ստեղծված տարաձայնությունները հանգեցնեն արտասահմանյան ռազմական ներխուժման: