2017 թվականը ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի համար, մեղմ ասած, հաջող չէր: Մարտի 26-ին Երևանում Ղազախստանի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո մեր հավաքականը նախադրյալներ ստեղծեց 2018 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար պայքարելու:
Հիշեցնենք, որ Ղազախստանի հավաքականի հետ հանդիպումից առաջ մեր հավաքականը 2016-ի նոյեմբերին Երևանում 3:2 հաշվով կամային հաղթանակի էր հասել Մոնտենեգրոյի նկատմամբ: Եթե այս հանդիպումը դրական իմաստով բեկումնային էր մեզ համար, ապա 2017 թվականի հունիսին Պոդգորիցայում տեղի ունեցած այս հավաքականի հետ պատասխան հանդիպումը դարձավ շրջադարձային՝ բացասական իմաստով: Ցուցադրելով թույլ խաղ՝ մեր հավաքականը պարտվեց 4:1 հաշվով: Այս մրցավեճը ցույց տվեց, որ Հայաստանի ազգային հավաքականն ուղղակի պատրաստ չէ պայքարելու ենթախմբում երկրորդ հորիզոնականի համար:
Ընտրական շրջափուլի ավարտին շարունակ կարծիքներ էին հնչում, թե ցանկալի կլինի, որ մեր հավաքականը վերջնականապես ձախողվի և հայտնվի Ազգերի լիգայի խաղարկության ամենաթույլ՝ D դիվիզիոնում: Շատերը այն կարծիքին են, որ այս դիվիզիոնից մեր հավաքականը կկարողանա հայտնվել 2020 թվականին կայանալիք Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում: Հայաստանի հավաքականը վերջնականապես ձախողվելով՝ ընտրական փուլում հանգրվանեց ամենաթույլ դիվիզիոնում: Կամա թե ակամա այս իրողությունը կտրուկ փոխեց իրավիճակը:
Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն արդեն իսկ հայտարարել է, որ 2018 թվականին մեր գլխավոր նպատակը Ազգերի լիգայում հաջող հանդես գալն է: Եթե ընտրական մրցափուլերում Հայաստանի հավաքականի խմբային փուլի արգելքը հաղթահարելը այնքան էլ իրատեսական չէ, ապա Ազգերի լիգայում բոլորն ակնկալում են լուրջ արդյունք: Սա այն դեպքն է, երբ ձախողումը որևէ արդարացում չի կարող ունենալ:
Մինչև Ազգերի լիգայի խաղարկության մեկնարկը 9 ամիս ժամանակ ունենք, որը, կարծում ենք, բավարար է պատշաճ կերպով նախապատրաստվելու համար: Ազգերի լիգայի խաղարկությունը առանձնահատուկ նշանակություն ունի նաև Ադրբեջանի հավաքականի համար: 2020 թվականի Եվրոպայի առաջնությունը կայանալու է նաև Ադրբեջանում, և մեր հարևանները միջոցներ չեն խնայի Ազգերի լիգայում հաղթելու համար: Ու թեև Հայաստանի ազգային հավաքականները ՈՒԵՖԱ-ի որոշմամբ կարող են հանդիպել միայն Ազգերի լիգայի խաղարկության փլեյ-օֆում, հայ-ադրբեջանական ֆուտբոլային հակամարտությունը կարելի է սկսված համարել:
Առաջիկա մրցաշարը թե՛ մեր և թե՛ Ադրբեջանի ֆուտբոլային հասարակությունը դիտարկում է նաև որպես սկզբունքային մրցակցին ծնկի բերելու միջոց: Եվ պարտադիր չէ, որ Հայաստանի և Ադրբեջանի հավաքականները հանդիպեն: Օրինակ՝ եթե մենք հաղթենք Ազգերի լիգայի խաղարկությունում, հասարակությունն այս ձեռքբերումը կորակի նաև որպես Ադրբեջանի նկատմամբ տարած հաղթանակ:
Եթե սթափ գնահատենք իրավիճակը, ապա պետք է ընդունենք, որ Ազգերի լիգայի խաղարկությունում հաղթելու համար պետք է լուծենք մի քանի կարևոր խնդիր: Խոսքը առաջին հերթին վերաբերում է դարպասապահին: Եթե հույսներս դնենք Արսեն Բեգլարյանի կամ հավաքական հրավիրվող մյուս դարպասապահների վրա, ապա կձախողվենք: Կձախողվենք, քանզի մեր բացի մասին քաջատեղյակ են նաև մեր մրցակիցները, որոնք ամեն կերպ կփորձեն օգտվել դրանից: Այսօր դժվար է խնդիրը լուծելու տարբերակ առաջարկելը: Հուսով ենք, որ Բեգլարյանին փոխարինող գտնելու աշխատանքները արդեն իսկ տարվում են:
Երկրորդ կարևոր խնդիրը բարձրակարգ հարձակվողի բացակայությունն է: 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում մեր հավաքականը 10 գոլ էր խփել, որոնցից 8-ը հեղինակել էին պաշտպաններն ու հարձակվողները: 2 գոլի հեղինակ էր դարձել Ռուսլան Կորյանը: Վերջինս, ունենալով լավ որակներ, այդուհանդերձ՝ առջևի գծի առաջատարին բնորոշ հատկանիշներ չունի: Նույնը կարելի է ասել Արթուր Սարկիոսվի մասին: Յուրա Մովսիսյանի՝ հավաքականից հեռանալուց հետո այդպես էլ նրա բացը չի լրացվել:
Խնդիրներ ունենք նաև պաշտպանությունում և կիսապաշտպանությունում: Այդ խնդիրները, սակայն, լուծելի են թվում են: Կոպիտ ասած՝ մարտի դուրս գալուց առաջ մեզ անհրաժեշտ է խփող և բռնող:
Արթուր Պետրոսյանը ընտրական փուլի ավարտից հետո հայտարարել էր, որ տեսադաշտում ունի արտերկրում հանդես եկող մի քանի ֆուտբոլիստների, որոնք կարող են ուժեղացնել հավաքականը: Հուսանք, որ մեր մարզչի հույսերը կարդարանան, և 2018-ը բեկումնային կլինի մեր հավաքականի համար:











































