Սահմանադրական դատարանը հունիսի 7-ի քվեարկության արդյունքները օրինական է ճանաչել։ Այսպիսով, կարելի է ասել, որ Հայաստանում իշխանության և Ազգային ժողովի կայուն մեծամասնության հարցը լուծված է։ Որոշման հրապարակումից կարճ ժամանակ անց «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և ԱԺԲ-ն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ և հռչակել քաղաքական մի քանի առաջնահերթություն՝ «պարտադրված սահմանադրական փոփոխությունների կանխում», «քաբանտարկյալների իրավունքների պաշտպանություն», «Հայ առաքելական եկեղեցու պաշտպանություն», «գործող իշխանության հեռացում»։
Փաստաթղթի «այստեղ և այժմ» ռեժիմով հանրայնացումը վկայում է, որ այն նախապատրաստվել է ՍԴ դիմելուն զուգահեռ և, ըստ երևույթին, այդ համաձայնությունը նկատի ուներ Սամվել Կարապետյանը, երբ հայտարարում էր, որ «ինչ-որ ուժերի հետ քննարկումներ է ունեցել», բայց «հո գաղտնիքը չի՞ բացահայտելու»։
Եթե զուտ վիճակագրությամբ առաջնորդվենք, ապա նշված քաղաքական ուժերի ստացած քվեները շատ զգալիորեն պակաս են, քան իշխանությունը և, այսպես ասած՝ «այլընտրանքային ընդդիմությունն» է ստացել։ Այս առումով «իշխանությանը հեռացնելու» նպատակը ոչ միայն արդարացի չէ, այլև հանրային բավարար աջակցություն չունի։
Ստացվում է, որ արմատական ընդդիմությունը առաջադրում է ապրիորի անիրականացնելի խնդիր։ Մինչդեռ Հայաստանում ունենք քաղաքական համակարգի «բուժման» խիստ անհրաժեշտություն։ Քաղաքական գործիչները արդարացիորեն ասում են, որ քվեարկության հաջորդ օրը սկսվում է նոր ընտրություններին մասնակցության նախապատրաստումը։
Ուզենք խոստովանել, թե ոչ, արմատական ընդդիմությունը ընդունի փաստը, թե հերքի, դրանից հունիսի 7-ի քվեարկության բուն նշանակությունը չի փոխվում, փաստացի Հայաստանում տեղի է ունեցել «անկախության երկրորդ հանրաքվե», և առաջիկա հինգ տարիներին այդ ընտրությունը բոլոր առումներով պաշտպանության կարիք է ունենալու։
Սահմանադրական դատարանը, ցավոք, երկրի քաղաքական համակարգի «բուժման» ոչ միայն «դեղատոմս», այլև նույնիսկ խորհրդատվություն չի ձևակերպել։ Բայց դրանից չի հետևում, թե Ազգային ժողովի կայուն մեծամասնությունը չի կարող «ճանապարհային քարտեզ մշակել և քայլ առ քայլ հասնել օրենսդրական արմատական բարեփոխումների։ Դա այլևս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Նիկոլ Փաշինյանի պարտքն է՝ ապահովել Հայաստանի ինքնիշխանության ինստիտուցիոնալ անշրջելիությունը։ Իշխանությունը հավերժական չէ։ Գերխնդիր է քաղաքական այնպիսի համակարգ և առողջ դերակատարներ ունենալ, որպեսզի ռեցիդիվը բացառվի։








































