Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը դատական համակարգն անընդհատ կատարելագործելու անհրաժեշտություն է տեսնում: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նախարարը ներկայացրեց դատական համակարգի արդյունավետությունը բարձրացնելուն միտված փոփոխությունները, որոնք նախատեսվում են նոր Դատական օրենսգրքով: «Դատական համակարգի կատարելագործման առաջին փուլը հենց այն դատական օրենսգիրքն է, որը ես ներկայացրեցի Ազգային ժողովի դատին: Այն անդրադարձ է կատարում բոլոր այն կարևոր խնդիրներին, որոնք իրենց լուծումը ստացել են նաև Սահմանադրությամբ: Պատահական չէ, որ Սահմանադրությամբ մենք բազում փոփոխություններ կատարեցինք, որոնք վերաբերում են դատական համակարգին, դատական իշխանությանը: Հիմա դրանք միս ու արյուն պետք է ստանան Դատական օրենսգրքում, որից հետո մենք պետք է քայլ առ քայլ կենսագործենք այն քայլերը, որոնք ուրվագծել ենք Դատական օրենսգրքում»,- ընդգծեց նախարարը:
Նա նաև նկատեց, որ էապես փոխում են դատավորների թեկնածուների ընտրության կարգը: «Մենք կարգավորում ենք՝ ինչ գիտելիքներ պետք է ունենա դատավորի թեկնածուն, ինչ պահանջներ ենք նրանց ներկայացնում: Փոփոխության ենք ենթարկում Արդարադատության ակադեմիայի գործունեության ձևը, որպեսզի այն ավելի արդյունավետ դառնա»,- ասաց նախարարը:
Նրա խոսքով՝ այս ամենը ժամանակ է պահանջում, բայց վստահություն հայտնեց, որ արդեն իսկ բավականին բարձր տեմպով փոփոխություններ են սկսել: Դավիթ Հարությունյանն ասաց, որ Դատական օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո իրենք խորհրդարան են ներկայացնելու օրենսդրական հաջորդ նախաձեռնությունները, որոնք բազում հարցեր են կարգավորելու: