Հայաստանի համար առաջնահերթ է զինված ուժերի մարտունակության մակարդակի շարունակական բարձրացումը: Հոկտեմբերի 2-ին կայացած ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Այստեղ մենք ունենք երեք հիմնական ուղղություն: Առաջինը զենք, սպառազինություն ձեռք բերելն է և դրանք զինված ուժերում ներդնելը: Երկրորդը մարտական պատրաստվածության մակարդակի շարունակական բարձրացումն է, իսկ երրորդը՝ պաշտպանության ոլորտում կառավարման արդյունավետության բարձրացումը»,- ընդգծեց Վիգեն Սարգսյանը:
Նախարարը, ամփոփելով պաշտոնավորման մեկ տարին, ընդգծեց, որ այն հագեցած է եղել բազմաթիվ միջոցառումներով, ինչպես նաև՝ նոր ծրագրերի մշակմամբ և ներդրմամբ զինված ուժերում:
Նախարարը հատկապես կարևորեց «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը, որոնք երիտասարդների համար ավելի գրավիչ կդարձնեն ՀՀ զինված ուժերում ծառայելը, ինչպես նաև «Ազգ-բանակ» հայեցակարգի ներդրումը:









































