ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը, որը այդ պաշտոնը զբաղեցրել 1970-ականներին, մտածում է ՖԻՖԱ-ի խորհրդականի պաշտոնը զբաղեցնելու առաջարկի վրա: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Այն, որ Քիսինջերը կարող է պաշտոն ստանալ ՖԻՖԱ-ում, հայտնել էր այդ կազմակերպության վերընտրված նախագահ Յոզեֆ Բլատերը՝ նշելով, որ ԱՄՆ նախկին պետքարտուղարը համաձայնել է միանալ «իմաստունների խորհրդին», որը թույլ կտա լուծելու կազմակերպության ներսում առաջացած խնդիրները:
«Եթե դա կօգնի սպորտին, ապա ես պատրաստ եմ մասնակցել: Սակայն մինչև որոշում ընդունելը պետք է իմանամ, թե ով, բացի ինձանից, տեղ կզբաղեցնի այդ կոմիտեում, և որոնք են լինելու իմ գործառույթները: Նա (Բլատերը.– 1in.am) հրավիրել է ինձ, սակայն չի բացատրել մանրամասները՝ նշելով միայն, որ մտադիր է ստեղծել «իմաստունների խումբ», որպեսզի հաղթահարվեն վերջերս առաջացած մարտահրավերները»,- ասել է Հենրի Քիսինջերը:
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններից առաջ այս կազմակերպությունում նախագահության երկու թեկնածուների՝ գործող նախագահ Զեպ Բլատերի և Քաթարը ներկայացնող Մուհամադ բեն Համամի նկատմամբ հարուցվել էր վարույթ, որը պետք է քններ նրանց ուղղված կաշառակերության մեղադրանքները: Արդյունքում Բլատերն արդարացվեց, իսկ Բեն Համամի նկատմամբ քննությունը շարունակվում է: Սրան գումարվել են նաև մեղադրանքները՝ կապված 2018 և 2022 թթ. Աշխարհի առաջնություններն ընդունող երկրների ընտրության հետ:










































