Թուրք հաղորդավարուհուն հեռացրել են աշխատանքից այն բանից հետո, երբ նա եթեր է դուրս եկել մեծ բացվածք ունեցող հագուստով:
Ինչպես հայտնում է Hürriyet Daily News-ը, նրան աշխատանքից ազատելուց առաջ հաղորդավարուհուն ուղղված սուր քննադատությամբ էր հանդես եկել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը:
Կուսակցության մամլո քարտուղարը հայտարարել էր, որ հեռուստաեթերում «էքստրեմալ» հագուստներն անընդունելի են:
Դրանից հետո հայտնի էր դարձել, որ Գյոզդա Կանսուն, որը բաց զգեստով երևացել էր ATV հեռուստաալիքի Veliaht ծրագրում, հեռացվել է աշխատանքից:
Կանսուի հեռացման մասին լուրերը պաշտոնապես հաստատվեցին հոկտեմբերի 8-ին, իսկ հաջորդ օրը Veliaht-ը հրապարակեց հայտարարություն, որտեղ ընդգծվում էր, որ նրան աշխատանքից հեռացրել են ոչ թե զգեստի ձևվածքի, այլ ոճի մատուցման պատճառով, որը չի համապատասխանում հաղորդման առջև դրված խնդիրներին:









































