Ազգային ժողովի կայքում տեղադրված հրապարակման համաձայն՝ հոկտեմբերի 8-ին Միջխորհրդարանական միության 129-րդ վեհաժողովի շրջանակներում Ժնևում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ, և նրանք քննարկել են երկու երկրների խորհրդարանների համագործակցությանն առնչվող հարցեր:
Սա կարելի էր համարել գրեթե ամենասովորական, ոչնչով աչքի չընկնող հանդիպում, սակայն հաղորդագրությունն ընթերցելիս հասկանալի դարձավ, որ այն իր բնույթով շատ ծանոթ է և կրկնվող: Նման հանդիպման ու տեղեկատվության մասին ԱԺ կայքը պարբերաբար տեղեկություններ է հրապարակում: ԱԺ կայքի նախորդ մի քանի տարիների արխիվն ուսումնասիրելիս պարզ դարձավ, որ Հ. Աբրահամյանը ԱԺ նախագահ եղած ժամանակ այդ նույն վեհաժողովին մասնակցել է մի քանի անգամ՝ 1910, 1911, 1913 թվականներին, և ամեն անգամ հանդիպել է Ալի Լարիջանիի հետ: Իհարկե, կարող ենք ընդունել, որ Իրանը տարածաշրջանային այն երկրներից է, որը հիմնականում բարեկամաբար է տրամադրված Հայաստանի նկատմամբ, և շրջափակման մեջ գտնվող մեր երկրի համար այդ հարաբերությունների բարեկամական լինելը շատ կարևոր է, իսկ Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները բարեկամական են գրեթե բոլոր մակարդակներում:
Սակայն նշենք, որ այդ Միջխորհրդարանական վեհաժողովներին մասնակցում են շուրջ 150 երկրների խորհրդարանների առաջնորդներ: Վեհաժողովն այդ պաշտոնյաների համար նաև ամենատարբեր հանդիպումների, քննարկումների, երկկողմ հարցերի բարձրացման կամ լուծման հարթակ է, որն էլ տեղի է ունենում նման հանդիպումների ժամանակ: Հ. Աբրահամյանը, սակայն, այդ բոլոր տարիներին հանդիպումներ է ունեցել Ալի Լարիջանիի հետ, և ԱԺ-ն էլ ամեն անգամ այդ հանդիպումների մասին նույնաբովանդակ հաղորդագրություն է հրապարակում: Համենայնդեպս, ԱԺ կայքի հաղորդագրություններն այդ մասին են վկայում:
Ա. Լարիջանիի հետ բոլոր հանդիպումների հաղորդագրությունները սահմանափակվում են այսպիսի տողերով. «Հովիկ Աբրահամյանը և Ալի Լարիջանին փաստեցին, որ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում, ինչին նպաստում է նաև երկու երկրների խորհրդարանների համագործակցությունը: Երկուստեք կարևորվեց բարեկամության պատգամավորական խմբերի գործունեությունը, որոնց ակտիվ շփումները և փոխգործակցությունը նպաստում են միջխորհրդարանական կապերի սերտացմանը: Կողմերը կարևորեցին տնտեսական հարաբերությունների հետագա խորացման անհրաժեշտությունը: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` Հայաստանի և Իրանի խորհրդարանների ղեկավարները շեշտեցին, որ տարածաշրջանային անվտանգության և կայունության համար հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ, բանակցային ճանապարհով»:
Նշենք, սակայն, որ 2010թ. կրկին Ժնևում այդ նույն վեհաժողովի շրջանակներում Հ. Աբրահամյանը Ա. Լարիջանիի հետ միասին հանդիպել է նաև Ադրբեջանի խորհրդարանի ղեկավար Օկտայ Ասադովի, Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի ղեկավարի, Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Աբդուլ Ազիզ Ալ Ղուրեյրի և Մոնակկոյի Ազգային խորհրդի նախագահ Ժան-Ֆրանսուա Ռոբիյոնի հետ: Իսկ 2011թ. Բեռնում տեղի ունեցած նույն վեհաժողովի ժամանակ Ա. Լարիջանիից բացի՝ հանդիպել է միայն Քուվեյթի խորհրդարանի նախագահ Ջասեմ Մուհամմադ Ալ-Խարաֆիի հետ:
Ուշագրավն այն է, թե որ երկրների խորհրդարանների ղեկավարների հետ է հանդիպել ՀՀ ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանը. Իրան, Քուվեյթ, Մոնակկո, Կիպրոս և ոչ մի եվրոպական, ժողովրդավարական կամ զարգացած երկրի նախագահի հետ հանդիպում չկա: Այնպիսի տպավորություն է, որ այդ երկրների խորհրդարանների նախագահների հետ հանդիպումն էլ Հ. Աբրահամյանը հազիվ է հաջողացրել:
Ո՞րն է խնդիրը. արդյոք ավելի ժողովրդավարական երկրների խորհրդարանների ղեկավարները խուսափո՞ւմ են հանդիպել Հայաստանի Ազգային ժողովի նախագահի հետ, թե՞ խնդիրը ոչ թե Հայաստանի, այլ Հովիկ Աբրահամյանի մեջ է: Վերջինս մեր երկրում համարվում է քրեաօլիգարխիկ համակարգի կարկառուն ներկայացուցիչներից մեկը, և ժողովրդավարական երկրների խորհրդարանների ղեկավարները խուսափում են նրա հետ հանդիպել:
Հիշեցնենք, որ Հ. Աբրահամյանի այդ համբավի մասին իր հրապարակումներում անդրադարձել էր նաև հայտնի «Վիկիլիքս» կայքը: Եվ միջազգային հարթակներում նրան հաջողվում է հանդիպել Մոնակկոյի կամ Քուվեյթի նման երկրների խորհրդարանների ղեկավարների հետ, որոնք, հավանաբար, նույնպես չեն փայլում իրենց ժողովրդավար կեցվածքով:









































