Բրիտանական Guardian-ի գլխավոր խմբագիր Ալան Ռասբրիջերը հայտնել է, որ մտադիր է ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենից ստացած նոր գաղտնազերծող նյութեր հրապարակել:
Երեկ բրիտանական հակահետախուզական MI5-ի նոր ղեկավար Էնդրու Փարքերը հայտարարել էր, որ ահաբեկչության դեմ իր գերատեսչության պայքարը սպառնալիքի տակ է՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից կիրառվող էլեկտրոնային լրտեսման տեխնոլոգիաների մասին գաղտնազերծումների պատճառով:
Ռասբրիջերի խոսքով՝ հատուկ ծառայությունների ներկայացուցիչները ձգտում են ամեն ինչ գաղտնի պահել և հակված չեն երկխոսության:
BBC-ին տված հարցազրույցում գլխավոր խմբագիրը նաև նշել է, որ իր թերթին հաջողվել է ցույց տալ այն վիթխարի մասշտաբը, որին հասել են գաղտնալսման տեխնոլոգիաները:
«Ես նոր եմ եղել Ամերիկայում, որտեղ բոլորը խոսում են այդ մասին՝ սկսած նախագահից»,- հայտնել է Ռասբրիջերը:
Փարքերը իր խոսքում կոնկրետ չէր նշել Սնոուդենի անունը, սակայն ասել էր, որ գաղտնազերծումները վիթխարի վնաս են հասցրել էլեկտրոնային հետախուզական ծառայության աշխատանքին:









































