ԱՄՆ-ում դատարանը չորեքշաբթի օրը մերժել է չինական Ralls Corp ընկերության հայցն ընդդեմ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի: Ընկերության ղեկավարությունը ԱՄՆ նախագահին մեղադրել է Օրեգոն նահանգում քամու էլեկտրակայանների կառուցումը ոչ իրավաչափ կերպով արգելելու մեջ: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Օբաման 2012թ. կարգադրել է արգելել դրանց կառուցումը՝ ասելով, որ դա սպառնում է ԱՄՆ ազգային անվտանգությանը: Բացի այդ, Օբաման ընկերությանը պարտավորեցրել է կարճ ժամկետներում վաճառել 4 հատվածները, որոնց վրա նախատեսված էր էլեկտրակայանների կառուցումը:
Ընկերությունում պնդում են, որ Օբաման արգելել է քամու էլեկտրակայանների կառուցումը, քանի որ այն վայրը, որտեղ նախատեսվում էր դրանք կառուցել, գտնվում է ամերիկյան ռազմաբազայի կողքին, որտեղ իրականացվում են անօդաչու սարքերի փորձարկումները: Ralls-ը նշում է, որ այդպես էլ իրեն պաշտոնապես չեն բացատրել, թե ինչպես քամու էլեկտրակայանները կարող են սպառնալ ԱՄՆ ազգային անվտանգությանը: Հայցում նշվում է նաև, որ Օբաման, կարգադրելով դադարեցնել դրանց կառուցումը, չարաշահել է իր լիազորությունները՝ ընդգծելով, որ «նախագահը չի կարող գտնվել օրենքից դուրս՝ նույնիսկ եթե հարցը վերաբերում է ազգային անվտանգությանը»: Ընկերությունը պահանջել է փոխհատուցել կորսված միջոցների համար:
Դատավոր Էմի Ջեքսոնը, սակայն, հայտարարել է, որ Ralls-ի շահերը չեն անտեսվել, քանի որ ամբողջ գործընթացը համապատասխանել է օրենքի նորմերին: Նա նաև նշել է, որ ընկերությունը մինչ կառուցումը ԱՄՆ իշխանություններին թույլտվության հարցում չի ուղարկել: Գործը վերանայվել է Վաշինգտոնի դաշնային դատարանում:









































