Իտալական Costa Concordia զբոսանավի խորտակման գործով դատական գործընթացի հերթական երկօրյա հանդիպումն ավարտվել է ի վնաս կապիտան Ֆրանչեսկո Սկետինոյի: Նա հանդիսանում է գործով գլխավոր ամբաստանյալը: Նրան մեղադրում են 2012-ի հունվարի 13-ին 32 մարդու չկանխամտածված սպանության, հանցավոր անփութության և նավի խորտակման մեջ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Նիստին ելույթ են ունեցել առաջին ականատեսները՝ շարժիչային հարցերով կապիտանի օգնական Ջովաննի Իակկարինոն և քարտեզագիր Սիմոնե Կանեսան: Ստորջրյա խութին նավի բախվելու պահին իրենք գտնվել են խցում և խաղացել Playstation-ով: Նրանց վկայություններն ու սև արկղերի պարունակությունը միանգամայն ակնհայտ են դարձնում այն, որ Սկետինոն միանգամից հասկացել է կատարվածի լրջությունը: Չնայած օգնականների կոչերին, կապիտանը դանդաղել է խուճապ և տարհանում հայտարարելու հարցում: Բացի այդ, նրանք հաստատել են, որ Սկետինոն զգալիորեն փոխել է ճանապարհը:
Հոկտեմբերի 28-ին վերսկսվելիք գործընթացում որպես ականատես հանդես կգան նավի նախկին կապիտան Մարկո Պալոմբոն և այլք, այդ թվում՝ վթարի պահին նավում գտնված մոլդովացի պարուհի Դոմինիկա Չեմորտանը:









































