Ադրբեջանական Vesti.az կայքի փոխանցմամբ, երեկ առավոտյան թուրքական Անթալիա նահանգում գտնվող Ալանիա հանգստավայրում մահացել է ևս մեկ ռուս զբոսաշրջիկ։ Սակայն այս անգամ զբոսաշրջիկի մահվան պատճառը ոչ թե անորակ ալկոհոլն է, այլ՝ նրա կինը։
Նշվում է, որ չորս օր առաջ հանգստանալու նպատակով Անթալիա են ժամանել Վադիմ Գայդարը և Ելենա Ցարիննայան։ Նրանց իջևանած հյուրանոցի աշխատակիցները նշել են, որ վաղ առավոտյան ամուսինները բարձրաձայն վիճել են միմյանց հետ, ինչի արդյունքում Վադիմ Գայդարն առավոտյան ժամը 07:00-ին նյարդայնացած վիճակում դուրս է եկել հյուրանոցից։
Դրանից հետո պարզվել է, որ նա իրեն ցած է նետել անցորդների համար նախատեսված 16 մետր բարձրությամբ կամրջից, որը հյուրանոցը կապում էր լողափի հետ։
Հիշեցնենք, որ վերջին օրերին կիպրացի թուրքերի ներկրած անորակ ալկոհոլի պատճառով մահացել էին 3 ռուս երիտասարդ զբոսաշրջուհիներ։