Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը կփորձի ճշտել՝ ո՞ր ընկերությունն է, երկրաբանական փորձաքննության չենթարկելով, հանքավայրերի շահագործման թույլտվություն տրամադրում: Այսօր ԱԺ-ում խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը այդ մասին նշելով՝ մտահոգություն էր հայտնել, թե սա նույնն է, ինչ ցորենը ամբարից գողացող մուկը:
«Մենք պայմանավորվեցինք, որ նա կտա այդ ընկերության անունը, կփորձենք ճշտել, թե դա ինչ է, սակայն դա կարող է բացառիկ երևույթ լինել»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախարարը:
Նախարարի խոսքով՝ Հայաստանում արդյունահանվող պղնձի քանակը դեռևս այն ծավալը չէ, որ էֆեկտիվ պղնձաձուլարան կառուցելու հնարավորություն տա: Պղնձաձուլարանի էֆեկտիվությունը կախված է նրանից, թե տարեկան որքան հումք կօգտագործեն այնտեղ: Նախարարը նկատեց, որ մեր հումքն առայժմ այդ էֆեկտիվության սահմանին չի հասել:
«Մի քանի տարուց կհասնենք այդ սահմանին, այսինքն՝ տարեկան կարտադրենք մոտ 35-40 մլն տոննա հանքաքար, որը հնարավորություն կտա 250 հազար տոննայի շեմին հասնել: Հորիզոնները փոխվում են, հանքաքարերում պղնձի պարունակությունները՝ նույնպես: Մենք զուգահեռաբար կմտածենք ծծմբի մասին, թե ինչպիսի քիմիական արդյունաբերություն ենք ստեղծում, որ այն կարողանանք օգտագործել այլ տեսակի ապրանք ստանալու համար»,- ասաց նա:
Նախարարն անդրադարձավ նաև «Նաիրիտ» գործարանը ձեռք բերել փորձող «Ռոսնևտ» ընկերությանը՝ նշելով, որ վերջինիս հետ պայմանավորվածություններն այսպիսին են. նա պետք է մի քանի փուլ անցնի, առաջինը՝ ծրագրով ներկայացված տեխնոլոգիան ինչքանով է այսօր ընդունելի, որքանով է ընդունելի դրա էկոնոմիկան՝ էֆեկտիվ կլինի՞, թե՞ ոչ, ինչպիսի ներդրումներ են անհրաժեշտ այդ էֆեկտիվության համար, ինչպիսի բնապահպանական խնդիրներ կառաջանան:
«Անհրաժեշտ էր բնապահպանական փորձաքննություն անցնել: Առաջին երեքն անցել են, արդյունքը դրական է: «Ռոսնևտը» տրամադրված էր դրանք իրականացնել, հիմա չորրորդ փուլի գնահատումն է: Այս ամսվա վերջին կարծեմ ավարտվում է ժամկետը, և միջազգային կազմակերպության կողմից կունենանք փորձաքննական եզրակացությունը: Կարծում եմ՝ խնդիրներ չեն լինի, ամեն դեպքում այդ եզրակացությունն անհրաժեշտ է, որպեսզի ձեռնամուխ լինենք ձևակերպման, ձևավորման սխեմաների ընտրությանը»,- ասաց նա:
Մովսիսյանը նշեց, որ «Նաիրիտի» բոլոր պարտքերի, հարցերի մասին առանձին քննարկումներ պիտի իրականացնեն «Ռոսնևտ»-ի հետ:







































