Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հարություն Մովսեսյանի նախագահությամբ այսօր կայացել է Անժելա Միդոյանի գործով դատավարությունը:
22-ամյա երիտասարդ մայրիկ Անժելան մեղադրվում էր կողոպուտի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 1-ին մասով:
2013 թվականի հունիսի 30-ին, ժամը 12-ի սահմաններում Անժելան Գյումրիի Անի թաղամասի շենքերից մեկի բակում մոտեցել է մանկահասակ երկու աղջիկների՝ 2005 թվականին ծնված 8-ամյա Կարինեին և 2007 թվականին ծնված 6-ամյա Միլենային ու առաջարկել է 2011 թվականին ծնված իր մանկահասակ դստեր հետ պահմտոցի խաղալ:
Աղջիկները համաձայնել են:
Անժելան նրանց ուղեկցել է իրենց շքամուտք, որտեղ երեխաների ականջներից հանել, բացահայտ հափշտակել է ոսկե ականջօղերը և հեռացել է:
Սա էլ, երևի, պահմտոցու Անժելայի տարբերակն էր, որին երեխաները պատրաստ չէին:
Դատական նիստին ամբաստանյալ Անժելա Միդոյանը դիմում է ներկայացրել, որ իր նկատմամբ կիրառվի Ազգային ժողովի 2013 թվականի հոկտեմբերի 3-ի որոշումը համաներում հայտարարելու մասին:
Ականջօղերը վերադարձվել էին տուժող երեխաների ծնողներին, պատճառված վնասի հատուցման վերաբերյալ վեճ չկար, և մեղադրողը չառարկեց, որ համաներում կիրառվի Միդոյանի նկատմամբ:
Քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 1-ին մասի սանկցիան որպես պատիժ նախատեսում է առավելագույնը 3 տարի ազատազրկում, Միդոյանը հանցանքը կատարել է մինչև 2013 թվականի սեպտեմբերի 1-ը, և հանցագործությամբ պատճառված վնասը վերականգնված է, ընդհանուր իրավասության դատարանը կիրառեց համաներում հայտարարելու մասին որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետը և քրեական գործի վարույթը կարճեց: Անժելա Միդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց:









































