Վրաստանը կհետևի 2014թ. Սոչիում կայանալիք Օլիմպիադայի շուրջ իրադարձություններին և սպորտային միջոցառումը քաղաքականացնելու դեպքում կվերանայի մասնակցության մասին իր որոշումը: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը, այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարարի առաջին տեղակալ Դավիթ Զալքալիանին:
Վրաստանի ԱԳՆ-ում այսպես են մեկնաբանել կիրակի Ռուսաստանում մեկնարկած Օլիմպիական 22-րդ ձմեռային խաղերի սկիզբն ազդարարող կրակի փոխանցմանը Իվան Նեչաևի մասնակցությունը, որը որպես օդաչու 2008թ. մասնակցել է օգոստոսյան պատերազմի մարտական գործողություններին:
«Իրականում հարևան պետությունը չպետք է իրեն այդպես սանձարձակ պահի»,- ասել է նա:
Զալքալիանիի խոսքով՝ Վրաստանի Օլիմպիական կոմիտեն դժվար որոշում է կայացրել Սոչիի Օլիմպիադային վրացի մարզիկների մասնակցության վերաբերյալ՝ Ռուսաստանի կողմից վրացական տարածքների շրջափակման ֆոնին:
«Ցավոք սրտի, Ռուսաստանի կողմից մեր քայլերը համապատասխան կերպով չեն գնահատվել: Այսօրվանից մենք կհետևենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, և եթե Օլիմպիադան քաղաքականացվի, մենք որոշում կկայացնենք, որը չի վնասի մեր երկրին և կբխի նրա շահերից»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը:







































