Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ Գյումրիում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, կատարված աշխատանքներն ու անելիքները:
Խորհրդակցությունից հետո Կարեն Կարապետյանը ծանոթացել է «Կումայրի» պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակում Գյումրու Ռուսթավելի փողոցում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Վարչապետին զեկուցվել է, որ ամբողջովին ավարտված են կոմունիկացիոն համակարգի նորացման աշխատանքները, կատարվել է հետլիցք, որոշ հատվածներում փողոցը խճապատվել ու բետոնապատվել է: Զուգահեռաբար իրականացվում են նաև մայթերի վերանորոգման աշխատանքներ: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ շինաշխատանքների ընթացքը շարունակելու է գտնվել իր ուշադրության կենտրոնում և հանձնարարել պատասխանատուներին անել հնարավորը, որպեսզի դրանք ավարտվեն ըստ սահմանված ժամանակացույցի:









































