Այսօր ԼՂՀ անկախության օրն է: 1991թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանը հայտարարեց իր անկախության մասին։ Մի քանի օր անց՝ սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, որտեղ ընդունվեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»։
Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂՀ բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, որոնց 99%-ից ավելին կողմ քվեարկեց անկախությանը: Արցախի անկախության խնդիրը հարկ է դիտարկել մի քանի հարթության վրա, որովհետև գործ ունենք չճանաչված պետության հետ ու այս պարագայում անկախության խնդիրն, առաջին հերթին, դիտարկվում է ԼՂՀ-ի և միջազգային հանրության, ԼՂՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների համատեքստում:
Սա օբյեկտիվ իրականություն է ու թերևս բնական վիճակ ցանկացած պետության համար, որը ձգտում է միջազգային ճանաչման: Մյուս կողմից` ակնհայտ է, որ անկախությունն, առաջին հերթին, բովանդակություն է, նոր` կարգավիճակ: Կարգավորման գործընթացը կարող է ձգվել տարիներ, նույնիսկ` տասնամյակներ, ու շատ կարևոր է, որ այդ ընթացքում Արցախը բովանդակություն հաղորդի իր անկախությանը, պետությանը:
Ի վերջո, միջազգային հանրությունը` անկախ աշխարհաքաղաքական շահերից ու դրանց բախումներից, չի կարող չճանաչել իրողությունները, հաշվի չնստել հասարակության կամքի, ցանկությունների հետ: Արցախի անկախությունը մի օր անխուսափելի միջազգային ճանաչման կարժանանա, եթե ԼՂՀ-ում հաղթի գիտակցությունը, որ պետության հիմքում քաղաքացու իրավունքներն ու ազատություններն են: Արցախի իշխանությունները պարտավոր են ստեղծել պետության այնպիսի մոդել, ապահովել այնպիսի որակ, որպեսզի ամբողջ աշխարհի համար ակնհայտ, անհերքելի ճշմարտություն դառնա, որ արցախահայության անվտանգության, բարեկեցության լավագույն երաշխիքն անկախությունն է:
Արցախի միջազգային սուբյեկտության հարցը կլուծվի ինքնաբերաբար, եթե ԼՂՀ քաղաքացին, հասարակությունը հիմնական սուբյեկտ դառնան պետության ներսում: Սեպտեմբերի 2-ի խորհուրդն այն է, որ տարածաշրջանում առաջացել է պետություն, որն` իր կառուցվածքով, քաղաքական և հանրային հարաբերություններով, ավելի բարձր մակարդակի վրա է, քան` Ադրբեջանը, եթե կուզեք, նույնիսկ` Հայաստանը:
Ցավոք, այսօր տրամագծորեն հակառակ տրամաբանության մեջ է գործում Արցախի իշխանությունը, որն իրեն նույնացնում է ոչ այնքան ինքնիշխան երկրի քաղաքական էլիտայի, որքան` Հայաստանի քրեա-օլիգարխիկ համակարգի սեգմենտի հետ: Սա էապես խեղաթյուրում է Արցախի սուբյեկտության մասին պատկերացումները, անկախությունը բովանդակությունից վերածում է ձևի, ինչի հետևանքով ավելի մշուշոտ է դառնում նաև ԼՂՀ միջազգային ճանաչման հեռանկարը: Լավ կլիներ, որ այսօր մտածեինք սրա մասին` բարձրագոչ ու պաթետիկ ելույթների և ուղերձների փոխարեն:
Լուսանկարը՝ Վարդան Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից









































