Ծաղկաձորում Սերժ Սարգսյանի հայտարարությունը բացառիկ է նրանով, որ ներդաշնակ է իրականությանը այն իմաստով, որ նա արտահայտում է այն ոճը, որով նա իսկապես առաջնորդվել է իր քաղաքական գործունեության և հատկապես արդեն նախագահ եղած ընթացքում։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը՝ անդրադառնալով Ծաղկաձորում Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ քաղաքական դաշտում և ընդհանրապես կյանքում համաձայնության գալու կարևորության մասին։
«Այսինքն՝ հնարավորինս խուսափել առճակատումներից, չգնալ սուր բախումների ճանապարհով, և փոխզիջումների ճանապարհով գնալ ինչ-որ խնդիրների կարգավորումների։ Իհարկե, այլ հարց է, թե այդ համաձայնություններին նա ինչքան կյանք է տվել, որ համաձայնությունից է նա առիթից օգտվելով, անմիջապես դուրս եկել, երբ համագործակցության գնացողն արդեն զինաթափված վիճակում է եղել։ Բայց այն, որ այդ հայտարարությամբ Սերժ Սարգսյանն արտահայտում էր իր քաղաքական ոճը, իր պատկերացումները, դա աներկբա է»,- ընդգծեց Բադալյանը։
Նա չի կարծում, որ սա առանձնահատուկ ուղերձ էր ընդդիմությանը. «Իհարկե, ընդդիմությանն ուղղված տարրեր կային, և առաջին անգամ չէ, որ Սերժ Սարգսյանը խոսում է ընդդիմության վերաբերյալ իր պատկերացումների մասին։ «Իհարկե, ընդդիմությանն ուղղված մեսիջ կար, բայց խնդիրն այն է, որ Հայաստանում ընդդիմադիր դաշտում ինքնին առճակատումների քաղաքականության սնանկացման խնդիրը կա, անկախ Սերժ Սարգսյանի ասելուց։ Ի վերջո, վաղուց ակնհայտ է, որ այդ սուր, անզիջում հռետորաբանության վրա կառուցված քաղաքականությունը Հայաստանում, փակուղուց բացի, ուրիշ ոչ մի տեղ չի տանում։ Անկախ Սերժ Սարգսյանի ասելուց, ընդդիմությունը կանգնած է իր մարտավարությունը և ռազմավարությունը վերանայելու հրամայականի առջև»,- իր խոսքն ամփոփեց քաղաքական մեկնաբանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:









































