Նունե Եսայանի՝ սեպտեմբերի 21-ի համերգի բյուջեն՝ 135 հազար դոլար, Հովհ. Թումանյանի տիկնիկային թատրոնի 6 ամսվա բյուջեն է: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:
Նրա խոսքով, եթե այսչափ մեծ գումարը ներդրվեր առավել արժեքավոր գործի մեջ, գուցե մարդիկ չափսոսեին: «Այս տարի լրանում է աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակը: Անկախության տոնին Հանրապետության հրապարակում պետք է Արամ Խաչատրյան հնչեր, ինչպես գերմանացիները տոների ժամանակ Բախ ու Բեթհովեն, ավստրիացիները՝ Մոցարտ են լսում: Սա ընդամենը գեղագիտության հարց է: Պարզապես այսքան տարի թույլ ենք տվել, որ անճաշակությունը փաթաթվի մեր վզին»,- ասաց արվեստագետը:
Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանին ուղղած կազինոյում խաղալու վերաբերյալ հարցին, Ռուբեն Բաբայանը նկատեց, որ Հայաստանում մի թյուր կարծիք կա, այն է՝ ամեն բան քաղաքականություն է, և որ քաղաքականության մեջ ամեն բան թույլատրելի է: «Օվիդիոսն ասում է` երբ բոլորը վազում են, մի պահ կանգ առ, երբ բոլորը խոսում են, մի պահ լռիր: Իսկ այսօր մենք ատելության ու փոխադարձ վիրավորանքների շարունակական մի շղթայի մեջ ենք»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ հարց ու պատասխանի ժամանակ Ս. Սարգսյանին հարց է հղել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը: Նա իր խոսքում նշել է, որ քանի որ Ս. Սարգսյանը ընտրված նախագահ չէ, նրան ուրիշ հարց չի հղի` բացառությամբ մեկից: Եվ ապա հարցրել է նրան, թե Եվրոպայում արձակուրդի ժամանակ որքա՞ն գումար է տանուլ տվել կազինոյում: Սերժ Սարգսյանը նրան պատասխանել է, որ ինքը երբևէ կազինո չի գնացել և գումար էլ չի կրվել: Ապա հեգնել է, որ «ցավոք սրտի, 70 մլն-ի չեմ տիրապետում, և եթե ունենայի, մի մասը ձեզ կնվիրեի, որպեսզի դուք կյանքից այսքան դժգոհ չլինեիք»:
Լուսանկարը՝ bravo.am-ի








































