Հոկտեմբերի 1-ից 4-ը անցկացվեց թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման «Կանալ-Կովկաս» լոկալ օպերատիվ կանխարգելիչ միջոցառումը, որի Միջազգային կոորդինացիոն շտաբի օպերատիվ կառավարման կենտրոնը տեղակայված էր Երևանում՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրում:
Հոկտեմբերի 1-ին տեղի է ունեցել միջոցառման մասնակից ՀԱՊԿ անդամ-պետությունների իրավասու մարմինների ներկայացուցիչների նիստը:
Նիստը բացել և մասնակիցներին ողջունել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:
Ելույթի համար խոսքը տրվեց «Կանալ-Կովկաս» միջոցառման Միջազգային կոորդինացիոն շտապի օպերատիվ կառավարման ղեկավար, ՀԱՊԿ անդամ-պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների Կոորդինացիոն խորհրդի քարտուղար, Ռուսաստանի Դաշնության թմրամիջոցների շրջանառության վերահսկման Դաշնային ծառայության միջազգային-իրավական դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Ալյոնկինին:
Շնորհակալություն հայտնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը ջերմ ընդունելության և կանխարգելիչ միջոցառման տեխնիկական ապահովման համար՝ Սերգեյ Ալյոնկինը ներկայացրել է նիստի մասնակիցներին:
ՀԱՊԿ անդամ-պետությունների ներկայացուցիչները հանդես են եկել ազգային միջգերատեսչական շտաբների պատրաստականության աստիճանի և օպերատիվ գործողությանը մասնակցելու ձևաչափերի վերաբերյալ զեկույցներով:
Ելույթ ունեցողներն անդրադարձել են թմրամիջոցների անօրինական շրջանառության՝ որպես ոչ միայն տարածաշրջանային, այլև անդրազգային հանցավորության չափազանց վտանգավոր տեսակի մարտահրավերներին և ընդգծել են դրանց համատեղ ուժերով հակազդելու անհրաժեշտությունն ու արդյունավետությունը:
Ելույթ են ունեցել՝ ՀԱՊԿ քարտուղարությունից՝ Միխայիլ Մելիխովը, Հայաստանի Հանրապետությունից՝ Վարդան Գևորգյանը, Բելառուսի Հանրապետությունից՝ Ալեքսանդր Վիսոցկին, Ղազախստանի Հանրապետությունից՝ Եռլան Ուատաևը, Ղրղզստանի Հանրապետությունից՝ Ռասուլ Տուրգանովը, Տաջիկստանի Հանրապետությունից՝ Թոջիդդին Նասրիդդինովը, Ռուսաստանի Դաշնությունից՝ Իվան Վոզնեսենսկին, ՌԴ թմրամիջոցների շրջանառության վերահսկողության դաշնային կոմիտեից՝ քննչական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ Ներսես Միրզոյանցը:
Կանխարգելիչ գործողությանն իրենց ձևաչափի և Միջազգային կոորդինացիոն շտաբին ամենօրյա տեղեկատվություն ներկայացնելու կարգի վերաբերյալ տեղեկատվությամբ հանդես են եկել դիտորդներ Օլեգ Շչերբինինը (Եվրասիական խմբի ներկայացուցիչ) և Անաստասիա Դերժիցկայան (Ռուսաստանի Ինտերպոլի ներկայացուցիչ):
Նիստին մասնակցել են նաև ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի, Արտաքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Պետեկամուտների կոմիտեի, Գլխավոր դատախազության, Կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետությունում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ներկայացուցիչներ:
Նիստի մասնակիցների ստորագրմանը ներկայացվել է թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման «Կանալ-Կովկաս» լոկալ օպերատիվ կանխարգելիչ միջոցառման անցկացման և Միջազգային կոորդինացիոն շտաբի գործունեության կազմակերպման վերաբերյալ որոշումը, համաձայն որի՝ Միջազգային կոորդինացիոն շտաբի գործունեությունը ղեկավարելու է ՀԱՊԿ անդամ-պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների Կոորդինացիոն խորհրդի նախագահ Վիկտոր Իվանովը, իսկ Միջազգային կոորդինացիոն շտաբի կառավարումը՝ Կոորդինացիոն խորհրդի քարտուղար Սերգեյ Ալյոնկինը և նրա տեղակալ՝ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Գևորգյանը:
Նիստի մասնակիցների տրամադրության տակ են նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և Կոորդինացիոն խորհրդի նախագահի կողմից հաստատված՝ «Կանալ-Կովկաս» լոկալ կանխարգելիչ գործողության պլանը, որն ամփոփում է գործողության օպերատիվ մտահղացումը, նախապատրաստման և իրականացման միջոցառումների ցանկը, ինչպես և գործողության արդյունքների ամենօրյա հաշվետվությունների աղյուսակները:
Գործողության կազմակերպման և անցկացման, ինչպես և հաշվետվությունների վերաբերյալ օպերատիվ դիրեկտիվները հրապարակել է Օպերատիվ կառավարման Միջազգային կոորդինացիոն շտաբի ղեկավարի տեղակալ Վարդան Գևորգյանը:
Նիստի ավարտին ամփոփիչ խոսքով հանդես է եկել ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը և շնորհակալություն հայտնելով ՀԱՊԿ անդամ-պետությունների ու դիտորդ երկրների ներկայացուցիչներին՝ հաջողություն է մաղթել հետագա աշխատանքում:
Խորհրդակցությունից հետո օպերատիվ կառավարման աշխատանքը տեղափոխվել է հրամանատարական կետ, որը տեղակայված է ՀՀ ոստիկանության կրթահամալիրում:
«Կանալ-Կովկաս» լոկալ օպերատիվ կանխարգելիչ միջոցառման մասնակիցները ծաղկեպսակ և ծաղիկներ են դրել ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված հայ ոստիկանների հուշակոթողին:
Գործողության կազմակերպման և անցկացման, ինչպես և ամենօրյա հաշվետվությունների վերաբերյալ օպերատիվ դիրեկտիվները հրամանատարական կետից, նախապես համաձայնեցված կապուղիներով, ՀԱՊԿ անդամ-պետությունների ներկայացուցիչների կողմից փոխանցվեցին ազգային միջգերատեսչական շտաբներին:
Հոկտեմբերի 2-ին ոստիկանության կրթահամալիրում շարունակվել է ՀԱՊԿ անդամ-պետությունների իրավասու մարմինների ներկայացուցիչների աշխատանքը:
Միջազգային կոորդինացիոն շտաբի օպերատիվ կառավարման կետում աշխատանքային խմբերը ծանոթացել են ստացված տեղեկատվությանը, ապա վերլուծության եւ քննարկման արդյունքում կոնկրետ որոշումներ է կայացվել համագործակցության, ինչպես եւ կազմակերպչական մի շարք այլ ուղղություններով:
Հոկտեմբերի 4-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի և ոստիկանության բարձրաստիճան սպաների ու հյուրերի ուղեկցությամբ Ոստիկանության կրթահամալիրում տեղակայված Միջազգային կոորդինացիոն շտաբի օպերատիվ կառավարման կետ են այցելել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և ՌԴ թմրամիջոցների վերահսկողության դաշնային ծառայության տնօրեն Վիկտոր Իվանովը:
Նրանք ծանոթացել են աշխատանքի կազմակերպմանն ու ընթացքին, այնուհետև Կրթահամալիրի վարժահրապարակում է հետևել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության Հատուկ նշանակության վարչության ծառայողների ցուցադրական վարժանքներին, որոնց սցենարում ներառված էին թմրամիջոցների անօրինական շրջանառության բացահայտման, կանխման ու կասեցման արդիական եղանակներ ու միջոցներ:
Ցուցադրական վարժանքների ավարտին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը շնորհակալություն է հայտնել և բարի ծառայություն մաղթել Հատուկ նշանակության վարչության մարտիկներին:
Հոկտեմբերի 4-ին տեղի է ունեցել թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման «Կանալ-Կովկաս» լոկալ օպերատիվ կանխարգելիչ միջոցառման մասնակից ՀԱՊԿ անդամ-պետությունների իրավասու մարմինների ներկայացուցիչների ամփոփիչ նիստը:
Նիստի բացման խոսքով հանդես է եկել և օպերատիվ կանխարգելիչ միջոցառման մասնակիցներին ողջունել ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
ՌԴ թմրամիջոցների վերահսկողության դաշնային ծառայության տնօրեն Վիկտոր Իվանովը բարձր է գնահատել միջոցառման կազմակերպչական մակարդակն ու կատարված աշխատանքը և ամփոփել գործողության նախնական արդյունքները:
Մասնավորապես նշվել է, որ հոկտեմբերի 1-ից 4-ը «Կանալ-Կովկաս» գործողությանը մասնակցել է 55.235 մարդ, առգրավվել է 12 տոննա 194 կիլոգրամ թմրամիջոց, այդ թվում՝ հաշիշ, ափիոն, հերոին, կոկաին, սինթետիկ թմրամիջոցներ և պրեկուրսորներ:
ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը նույնպես կարևորել է գործողության կազմակերպվածությունն ու ուժերի ներդաշնակեցումը և մասնակիցներին շնորհավորեց հաջողության համար:
ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան շնորհակալություն հայտնելով կատարված աշխատանքի համար՝ ընդգծել է, որ Հայաստանի ոստիկանությունը արել էր ամեն ինչ օպերատիվ կանխարգելիչ գործողությունը անհրաժեշտ մակարդակով կազմակերպելու և արդյունավետ փոխգործակցություն ապահովելու համար:
Նիստից հետո Վլադիմիր Գասպարյանը, Վիկտոր Իվանովը և Նիկոլայ Բորդյուժան պատասխանել են լրագրրողների հարցերին:









































