Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ելույթ է ունեցել «ԱրմԹեք 2013» 6-րդ ամենամյա համաժողովի ժամանակ:
«Մասնավոր հատվածի առաջնային հարցադրումը կրթական համակարգի շարունակական բարելավումն է և բարձրորակ մասնագետներով ՏՏ ոլորտի ապահովումը: Հաշվի առնելով, որ ոլորտում տարեկան աճը 15-20 տոկոս է, և այս պահին ունենք 7000 մասնագետ` 300 ձեռնարկությունում, հասկանալի է, որ միջնաժամկետ թիրախը լինելու է տարեկան 2000 որակյալ մասնագետի պատրաստումը», – նշել է Տիգրան Սարգսյանը:
Նա կարևորել է «Մայքրոսոֆթ»-ի գրասենյակի, այդ թվում` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի բազայի վրա ստեղծված կենտրոնի աշխատանքները, IBM ընկերության նախաձեռնությունը և այլն:
Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը թևակոխում է ՏՏ ոլորտի զարգացման նոր փուլ, և անհրաժեշտ է հստակ ձևակերպել հետագա անելիքները` 10 տարում ձեռք բերված հաջողությունը պահպանելու և ոլորտի շարունակական զարգացումն ապահովելու համար:
«Չափազանց կարևոր է, որ ՏՏ ոլորտում Հայաստանը գտնի իր նիշը. ի՞նչ նեղ մասնագիտացում կարող ենք ունենալ, որպեսզի համաշխարհային համադրումների մեջ կարողանանք ցույց տալ մեր հարաբերական առավելությունը: Այսօր մեր երկիրն ապահովում է միկրոսխեմաների մշակման և դիզայնի ոլորտում համաշխարհային արտադրության 5 տոկոսը, ինչը մեզ համար մեծ տեսակարար կշիռ է և մասնագիտացում, որտեղ ունենք հարաբերական առավելություն: Աշխարհի բոլոր հայտնի ընկերությունները, որոնք մասնագիտացած են դիզայնի բնագավառում, ուշադրության կենտրոնում են պահում Հայաստանը, ավելին, իրենց մասնագետներին ուղարկում են մեզ մոտ վերապատրաստման»,- ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը կարևորել է նաև Հայաստանում վենչուրային հիմնադրամների ստեղծումը, start up բիզնեսի խթանումը, ձախողումներից չխուսափելը և համաշխարհային ցանցում ներգրավված լինելը: «Կառավարությունը պետք է ստեղծի այնպիսի միջավայր, որ բոլոր սուբյեկտները ներկայացված լինեն ՀՀ-ում` համալսարաններ, որոնք բարձրորակ կադրեր են ապահովում, հետազոտական կենտրոններ, որոնք կարող են լինել համալսարաններին կից կամ առանձին, վենչուրային հիմնադրամներ և կառավարիչներ», – նշել է վարչապետը և տեղեկացրել, որ ՀՀ կառավարությունը Համաշխարհային բանկի հետ միասին շուրջ 3 մլն ԱՄՆ դոլար է հատկացրել ՀՀ-ում առաջին վենչուրային հիմնադրամի ստեղծման նպատակով:
Տիգրան Սարգսյանի խոսքով` «ԱրմԹեք 2013»-ը հնարավորություն կտա բացահայտել ՏՏ զարգացման երկրորդ փուլի հիմնախնդիրները և հստակեցնել կառավարության անելիքները: «ՏՏ ոլորտը վերջին 5 տարում այնպիսի դինամիկա է դրսևորում, որը խթանում է նաև ՀՆԱ-ի աճը Հայաստանում, քանի որ արտադրողականության աճ է ապահովվում բոլոր ոլորտներում: Այն, որ իր ծավալով, աշխատողների քանակով ՏՏ ոլորտը համադրելի է հանքահումքային արդյունաբերությանը, շատ կարևոր ցուցանիշ է, և մենք պարտավոր ենք ապագայում ևս պահպանել այդ տեմպերը»,- իր ելույթն ամփոփել է ՀՀ վարչապետը:
«ԱրմԹեք 2013» համաժողովին մասնակցում է Հայաստանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրոպայի, Միջին Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և այլ տարածաշրջանների պետական մարմինների, գիտական և կրթական հաստատությունների, մասնավոր հատվածի, ինչպես նաև խոշորագույն անդրազգային կազմակերպությունների ավելի քան 200 ներկայացուցիչ: Համաժողովի նպատակն է աջակցել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի շարունակական զարգացմանը` հնարավորություն տալով բացահայտել գործարար և ներդրումային նոր հնարավորություններ, ստեղծել ընդլայնված մասնագիտական ցանց:
Համաժողովի շրջանակում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը համագործակցության հուշագրեր է ստորագրել` մի կողմից, «Դիջիթըլ Փոմըգրանեթ» ՍՊԸ-ի (“ITECHNOLOGY”) հետ` կրթության, մասնագետների վերապատրաստման, նոր աշխատատեղերի ստեղծման, Գյումրու տեխնոպարկի վերաբերյալ հանրային իրազեկման կազմակերպման և իրականացման ուղղությամբ համագործակցության, մյուս կողմից` «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ի հետ` երիտասարդների մոտ նոր տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրության աճի, բնակչության շրջանում համացանցի և համակարգչի օգտագործման ծավալների մեծացման, կարողությունների զարգացման յուրօրինակ միջավայրի ձևավորման` խթանման և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի տարածքում համատեղ լաբորատորիայի հիմնման ուղղությամբ համագործակցության վերաբերյալ:








































