«Զարուհի Փոստանջյանը չի կարող պատասխանատու լինել իր հայտարարությունների, գործողությունների կամ վարքագծի համար՝ հաշվի առնելով նրա ոչ ադեկվատ վարքագիծը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանը:
Հիշեցնենք, որ երեկ ԵԽ ԽՎ նիստի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զ.Փոստանջյանը Սերժ Սարգսյանի ելույթից հետո նրան հարց ուղղելու ժամանակ հայտարարեց, թե նա «ՀՀ նախագահի աթոռը զբաղեցրել է կազմակերպված հանցագործության՝ գողության հետևանքով, որի արդյունքում ԵԽԽՎ ամբիոնից չի կարող ներկայացնել հայ ժողովրդի կամքն ու իրավունքը, ուստի որոշել է այլ հարց տալ»: «Ճի՞շտ են արդյոք այն տեղեկությունները, որ վերջերս Եվրոպայի կազինոներից մեկում 70 մլն եվրո գումար եք կորցրել»,- հարցրել էր նա Ս.Սարգսյանին:
Այս հայտարարությունը բուռն արձագանք է գտել հատկապես Հանրապետական կուսակցությունում, որի նախագահն է Ս.Սարգսյանը:
«Կարելի է ենթադրել, որ նրա փոխարեն կարող է պատասխանատու լինել կուսակցությունը, բայց իմ կարծիքով կուսակցությունն էլ չի կարող պատասխանատու լինել, որովհետև որպես այդպիսին՝ այլևս գոյություն չունի: Իսկ եթե ընդունենք, որ այնուամենայնիվ գոյություն ունի, ապա բարոյական պատասխանատվությունը պետք է որ կրեն նրա կուսակից ընկերները: Նրանցից յուրաքանչյուրը պարտավոր է իր դիրքորոշումն արտահայտել Զ.Փոստանջյանի վարքագծի վերաբերյալ»,- ասաց Ս.Նիկոյանը:
Իսկ արդյոք Ս.Սարգսյանին նման հարց տալու համար ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պե՞տք է Զ.Փոստանջյանին պատժեր ու հեռացներ ԵԽԽՎ պատվիրակության կազմից: Այսօր արդեն ԱԺ-ում նիստը սկսելուց առաջ Հ.Աբրահամյանը հանդես եկավ հայտարարությամբ` նշելով, որ, նկատի ունենալով Ստրասբուրգում Զ.Փոստանջյանի այս պահվածքը և հիմք ընդունելով Ազգային ժողովի կանոնակարգ ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի Է ենթակետը՝ «հայտարարում եմ, որ խորհրդակցել եմ ԱԺ խմբակցությունների հետ և մտադիր եմ փոփոխություն կատարել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմում»: Սա նշանակում է, որ Ստրասբուրգում Ս.Սարգսյանին այդ սկանդալային հարցը տալու համար Զ.Փոստանջյանին կհեռացնեն ԵԽԽՎ պատվիրակության կազմից:
«ԱԺ նախագահն իր հայտարարությունը հիմնավորեց՝ հղում անելով համապատասխան օրենքներին»,- պատասխանեց Ս.Նիկոյանը:
Հայտնի է, որ Զ.Փոստանջյանին հարց տալու իր իրավունքը զիջել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը, վերջինիս էլ այդ հրահանգը տվել է ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: Այդ դեպքում ՀՀԿ-ական այս պատգամավորները տեղյակ չէի՞ն կամ Զ.Փոստանջյանից չէի՞ն հարցրել, թե Ս.Սարգսյանին ինչ հարց է ուղղելու, որ նրան տվել են այդ հնարավորությունը:
«Ես չեմ կարող և բացարձակ ցանկություն չունեմ մտնել այդ դաշտը, բայց կասեմ, որ նման պատասխանատու օրը կարելի էր և թույլ չտալ, որ Զարուհին հարց տար, քանի որ նրա անկանխատեսելի վարքագիծը բոլորին հայտնի է»,- եզրափակեց Ս.Նիկոյանը:









































