Անդրադառնալով վերջերս ընթերցողների հետաքրքրությանը՝ թե ինչ է հասկանում «պուտինահայ» տերմինի տակ, որը օգտագործվել է սոցիալական ցանցում և մեջբերվել է նաև իր տեքստում, Արամ Աբրահամյանը իր խմբագրականում գրում է. «Եթե կարճ, ապա «պուտինահայը» կոշտ, ավտորիտար, պուտինյան Ռուսաստանի արժեքների վրա կողմնորոշված հայաստանցին է:
Իր ղեկավարության օրոք Պուտինը ստեղծել է մի համակարգ, երբ բոլոր համառուսաստանյան հեռուստաընկերությունները ղեկավարվում էին նախագահական նստավայրից, երբ ընդդիմության հավաքները փաստացի արգելվում էին, երբ նույնիսկ ռուսաստանյան չափանիշներով աննախադեպ մասշտաբով ծաղկում էին կոռուպցիան և հովանավորչությունը: Բնական է, որ Ռուսաստանի հետ հոգևոր, տնտեսական, քաղաքական բազմաթիվ կապեր ունեցող մեր երկիրը ուզած-չուզած ստեղծել է նմանատիպ համակարգ: Պուտինյան շրջանն առանձնանում է նաև տնտեսական լավ ցուցանիշներով, որոնք պայմանավորված էին նավթի բարձր գներով և տնտեսական ճգնաժամի բացակայությամբ: Դա մեծ չափով բարերար էր ազդում նաև Հայաստանի տնտեսական վիճակի վրա, քանի որ մեր խոպանչիների մոտ 90 տոկոսը աշխատում է Ռուսաստանում և, լավ եկամուտներ ստանալով, կարողանում էր դրանց մի մասն ուղարկել հարազատներին:
Արդ, ովքե՞ր են «պուտինահայերը»: Շատ մեծ պարզունակություն կլիներ ասել, որ նրանք այն թալանչիներն ու օլիգարխներն են, ովքեր երազում են նախորդ տասնամյակի կարգերի մասին: Նախ՝ կարգերն առանձնապես չեն փոխվել, և նույն «մեծապատիվ» հանցագործներն այսօր էլ են իրենց շատ լավ զգում: Ավելին՝ կարծում եմ, որ նրանք կհարմարվեն ցանկացած իշխանության, ցանկացած նախագահի «ճաշակին»: Կան մարդիկ, որոնք միանգամայն անկեղծորեն և անշահախնդրորեն գովաբանում էին (և ե՛ն) Պուտինին և Քոչարյանին (վերջինիս, իհարկե, ավելի քիչ): Ես դարձյալ չէի շտապի այդպես մտածողներին վիրավորական պիտակներ կպցնել: Չէ՞ որ նախկին ԽՍՀՄ-ում կան նաև միլիոնավոր մարդիկ, որոնք ջերմությամբ են հիշում Ստալինի ժամանակները: Ընդ որում, այդ մարդակեր հրեշի երկրպագուներն են նաև իմ հասակակիցները, որոնք Ստալինի ժամանակ չեն ապրել՝ երևի հայրերն են նրանց պատմել: Նրանք ուղեղները լվացած, խաբված, մոլորված մարդիկ են, որոնք հավատում են «ուժեղ ձեռքի» մասին հեքիաթներին: Բարեբախտաբար, նման մարդիկ գնալով քչանում են՝ կյանքը աոաջ է գնում»,- գրված է խմբագրականի վերջում:








































