Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան, որոնք ծրագրում են նոյեմբերին Վիլնյուսում ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, ԵՄ-ի ճնշումների տակ կվերանայեն առևտրային ռեժիմն Ադրբեջանի հետ, որը տեխնիկապես չի կարող ստորագրել համաձայնագիրը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի կառավարական փորձագետներից մեկը, փոխանցում է News.am-ը:
Այժմ Ադրբեջանն այս երեք երկրների հետ ազատ առևտրի՝ ՎՈւԱՄ-ի գոտում է գտնվում, որը փաստացի չի գործում, և ունի ազատ առևտրի վերաբերյալ երկկողմանի համաձայնագրեր: ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումից հետո որոշ եվրոպական պետությունների կարող է թվալ, թե Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան Ադրբեջանի հետ ավելի լիբերալ առևտրային ռեժիմ ունեն, քան ԵՄ-ի հետ: Արդյունքում Ադրբեջանի հետ առևտրային հարաբերություններում որոշ սահմանափակումներ կմտցվեն:
Ներկա պահին Ադրբեջանն ամենաակտիվ առևտրային հարաբերություններ այս երեք պետություններից Վրաստանի հետ ունի:
Ադրբեջանը դեռ չի ավարտել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները, և այն նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին չի ստորագրվի:








































