Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ ընթանում է Վարդգես Գևորգյանի գործի դատական քննությունը:
Աշտարակի 23-ամյա բնակիչ Վարդգեսը 2009-ից մինչև 2012 թվականի նոյեմբերի 19-ը պարբերաբար շրջել է Երևանում և կատարել… 82 գողություն:
Բացի դրանից, ըստ մեղադրանքի, Գևորգյանը ապօրինի ձեռք է բերել ու իր օգտագործման համար պահել զգալի չափերի՝ 0,83 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց:
Վարդգես Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նույն դատարանում Վարդան Գրիգորյանի նախագահությամբ քննվում է Ալեքսանդր Ցվերիանովի գործը:
37-ամյա Ալեքսանդրը Վարդգեսի ռեկորդին չի հասել, բայց նա էլ, ըստ մեղադրանքի, պակաս ճարպկություն հանդես չի բերել գողությունների ասպարեզում:
Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ 2012 թվականի սկզբից մինչև նոյեմբերի 29-ը Ցվերիանովը, տեխնիկական միջոցների գործադրմամբ, Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններից միայնակ կատարել է 16 գողություն:









































