Վերջին տվյալներով՝ Նայրոբիի Westgate առևտրի կենտրոնի գրավման հետևանքով անհետ կորածների թիվը կազմում է 39: Նախկինում հաղորդվել է 61 անհետ կորածի մասին: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով Քենիայում Կարմիր խաչի գրասենյակի հաղորդագրությանը:
Մոտ ժամանակներս անվտանգության ծառայությունների ղեկավարները խորհրդարանի պաշտպանական կոմիտե կներկայացնեն առևտրի կենտրոնի ազատագրման օպերացիայի բոլոր մանրամասները: Զեկույցի առիթը մեծ թվով զոհերի հանգեցրած ուժայինների գործողությունների համարժեքությանն առնչվող կասկածներն են: Գործի շրջանակում այսօր արդեն պաշտպանական հանձնաժողովի առջև ելույթ կունենա Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Մաքլ Գիչանգին:
Քենիական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ հետախուզությունը դեռևս մոտ 1 տարի առաջ տեղեկացրել էր իշխանություններին մայրաքաղաքում «Ալ-Շաբաբ» խմբավորման գրոհայինների ներկայության, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների կողմից նախապատրաստվող հարձակումների մասին: Նշվում է, որ հնարավոր հարձակման մասին հաղորդագրություններ էին ստացվել նաև Իսրայելից:
Իսլամիստ գրոհայինների հարձակումը տեղի էր ունեցել սեպտեմբերի 21-ին, զոհվել էր 67 մարդ, այդ թվում՝ օտարերկրացիներ:








































