Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ սկսվում է Սաշա Պլասկինի գործի դատավարությունը:
Ըստ մեղադրանքի՝ 2013 թվականի հուլիսի 2-ին, ժամը 13-ի սահմաններում 40-ամյա Պլասկինը, ալկոհոլ օգտագործած վիճակում, իր եղբոր տան դիմաց վիճաբանել է հորեղբորորդու կնոջ հետ:
Վիճաբանության ընթացքում Սաշա Պլասկինը բռնել է կնոջ ձեռքերից, սեղմել ու քաշքշել, ոտքով հարվածել նրա ոտքերին՝ պատճառելով արյունազեղումներ:
Այնուհետև Պլասկինը, ըստ առաջադրված մեղադրանքի, գոտկատեղից հանել է փոքր կացինը, թափահարել օդում և սպանության սպառնալիքներ տվել:
Վիճաբանությանը միջամտել է կնոջ անչափահաս դուստրը: Պլասկինն աղջկա ձեռքերից ևս քաշքշել է, ոտքերով հարվածել է նրա ոտքերին և պատճառել է արյունազեղումներ:
Սաշա Պլասկինին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասով և 118 հոդվածով:









































