«Իրենք սկսեցին առաջնորդվել տարբեր կուսակցական լիդերներով, իսկ մենք բարձրացրել ենք սոցիալական և օրենքի բացի խնդիրը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով համակարգային փոփոխություն պահանջող ազատամարտիկների խնդրին՝ նման տեսակետ հայտնեց «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը:
«Ուղղակի պետության թեթև ձեռքով, պետական ղեկավարների ձեռքով ազատամարտիկներին բաժանեցին երկու մասի: Մի մասը մասնակցել են և կմասնակցեն սոցիալական պայքարի՝ ընդհուպ մինչև սոցիալական բունտ:
Անկախ այն բանից, որ գործող գնդապետների շարասյունը զոհաբերեց պահեստազորի գնդապետին՝ պայքարը շարունակվում է, անելիքները շատ են»,- ասաց նա:
Մեր զրուցակիցը հավելեց, որ իրենք պայքարել և պայքարելու են իրենց արժանիքների, կարգավիճակի վերականգնման համար. «Սա կոչ է հանրապետության ղեկավարին, Բաղրամյան 26-ի ղեկավարին, քանի որ ինքն է տնօրինում այս ամենը. ինչպես մենք սկուտեղի վրա մատուցեցինք անկախությունն ու հաղթանակը, այնպես էլ իրենք թող մեզ մատուցեն սոցիալական և պատվո հաղթանակներ»:
Հարցին՝ Ավետիսյանին համարո՞ւմ է արդյոք քաղբանտարկյալ, Ա. Խուդավերդյանը պատասխանեց. «Նա սոցիալ-քաղաքական բանտարկյալ է, օրենքի բացը լրացնել պահանջող բանտարկյալ՝ ենթարկված զուսպ տեռորի»:
Անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, թե Վ. Ավետիսյանն «ամենաանշառ մարդն էր», և նրան ձերբակալելը տրամաբանական չէր, Խուդավերդյանն ասաց. «Սա սոցիալական պայքար էր, որը բխում էր կառավարության խնդիրներից: Կառավարությունը պարտավոր էր այդ բացերի մասին իմանալ և դեմն առնել: Այստեղ երևի զոհվածների, վիրավորների վաստակով սնվող շարասյունը դարձավ միջին ոսկյա օղակը և կարողացավ բերել այս տեռորին: Մնացածը թող իրենք որոշեն՝ որն ինչքան է մեր վաստակից ուտում և ինչքան կարելի է վճարել»:
Մանրամասները դիտեք տեսանյութում:







































