Եվրամիությունը շարունակելու է տրամադրել իր հզոր աջակցությունը Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորմանը: Այս մասին Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական հասարակությունը հանուն զարգացման» խորագրով քննարկմանը հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Սա մեր առաջնահերթություններից է, և կարծում ենք, որ այն կարևոր է Հայաստանի քաղաքացիների համար հատկապես մարզերում, որտեղ մենք խթանելու ենք տեղական առաջընթացը, աշխատատեղերի ստեղծումը, բիզնեսի զարգացումը: Առաջին անգամն է, որ փորձում ենք այս փոքր դրամաշնորհների սխեման ներկայացնել Հայաստանում»,-ասաց նա:
Միջոցառմանը ներկա էին նաև լեհական պատվիրակության փորձագետները, և դեսպան Սվիտալսկին հույս հայտնեց, որ նրանք կկարողանան հայկական կողմին փոխանցել ՀԿ և ՏԻՄ կառավարման լեհական փորձը: Նրա վստահեցմամբ՝ լեհական ինքնակառավարման համակարգը հաջողված է, և Հայաստանն այս առումով շատ բան ունի սովորելու լեհ գործընկերներից:
«Ես շատ ուրախ եմ, որ ՀՀ կառավարությունը մտածում է ՏԻՄ-երի զարգացման մասին: Ինչ վերաբերում է լեհական տրանսֆորմացիային, ապա դա շատ ամուր, հզոր քաղաքացիական հասարակություն է: Լեհաստանում քաղաքային շատ բյուջեներ որոշվում են նույն այդ համայնքների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից: Այդ մարդիկ քվեարկում են, թե ինչ ծրագրեր են ուզում իրականացնել»,- նշեց ԵՄ պատվիրակության ղեկավարը և վկայականներ հանձնեց այն 17 հասարակական կազմակերպություններին, ում ներկայացրած ծրագրերը ԵՄ անկախ փորձագետների կողմից արժանացել են լավագույն գնահատականին:
Նրանց շարքում են Արմավիրի զարգացման կենտրոնը, «Զինվորի մայր» ՀԿ-ն, Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը, «Ընտանիք եւ համայնք» ՀԿ-ն, Գորիսի զարգացման կենտրոնը և այլն:
Ներկայացված ծրագրերի թիրախներն են եղել երիտասարդությունն ու երեխաները, կրթությունը, մշակույթը և զբոսաշրջությունը, մարդու իրավունքներն և քաղաքացիական ակտիվությունը, ինչպես նաև ձեռնարկատիրությունը: Ծրագիրը բաղկացած է երեք փուլից և շարունակվելու է մինչև 2018 թվականի սեպտեմբեր ամիսը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 2.7 միլիոն եվրո:
Լուսանկարը՝ Photolure-ի









































