Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երկրի կառավարությանը կոչ է արել դադարեցնել «պոչ խաղացնելը» Ռուսաստանի առաջ և զբաղվել միջազգային հանրության աջակցության մոբիլիզացմամբ՝ Շիդա Քարթլիում տեղի ունեցող գործընթացների հանդեպ բողոք արտահայտելու նպատակով: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայնը», Սաակաշվիլին նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ-ում:
Սաակաշվիլին նշել է, որ վերջին մի քանի ամիսներին Վրաստանը կորցրել է վերահսկողությունը գյուղատնտեսական շատ հողերի վրա, ընդ որում՝ դրա մասին գրեթե ոչ ոք չգիտի:
«Դա արվեց այնպես, որ Ռուսաստանը դրա համար ոչ մի քաղաքական գին չվճարեց: Հաճախ էին ասում՝ ամեն ինչ տեղի ունեցավ այն պատճառով, որ Պուտինն ինձ տանել չէր կարողանում: Այժմ մենք համոզվեցինք, որ հարձակում է տեղի ունենում Վրաստանի ինքնիշխան սահմանների վրա՝ անկախ նրանից, թե ով է Վրաստանում իշխանության գլխին»,- ասել է Սաակաշվիլին:
Նախագահի խոսքով՝ Վրաստանի համար իր դիրքերի պաշտպանության տեսանկյունից միակ հնարավորությունը միջազգային աջակցության պահպանումն է:
Նրա գնահատմամբ՝ վերջին ժամանակաշրջանում Վրաստանի կառավարությունը Ռուսաստանի հանդեպ «շատ անհասկանալի շրջադարձեր է կատարել»:
«Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով չի ժամանել ո՛չ ԱՄՆ, որ Արևմտյան Եվրոպայի այլ քաղաք: Դրա փոխարեն, մեր դատախազը մի ամբողջ շաբաթ այցով գտնվել է մեզ շրջափակողի մայրաքաղաքում՝ Մոսկվայում»,- նշել է Սաակաշվիլին:









































