Գերմանիայի բնակիչները զանգվածաբար հրաժարվում են սննդից: Հաշվի առնելով վերջին իրադարձությունները՝ դա պատահական չէ: Էնտերոհեմորագիկ մանրէները, որ Գերմանիայում հայտնաբերվել են սննդի մեջ, արդեն ավելի քան 10 հոգու մահվան պատճառ են դարձել: 50 հոգի էլ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Ընդհանուր առմամբ, այս ծանր հիվանդությամբ վարակվածների թիվը հասնում է հազարի: E. Coli մանրէները դժվար չէ հայտնաբերել մարդկանց կամ տաքարյուն կենդանիների աղիներում, նրա տարատեսակների մեծ մասն անվնաս է: Սակայն EHEC տարատեսակը շատ վտանգավոր է:
Այժմ գերմանական իշխանություններն ընկերությունների և գործարարների ճնշման տակ փորձում են գտնել հարուցիչի իրական աղբյուրները: Առևտրական ցանցը գտնվում է կաթվածահար վիճակում: Աղիքային հիվանդություններ են հայտնաբերվել Ավստրիայում, Մեծ Բրիտանիայում և Նիդերլանդներում: Շվեդ համաճարակաբան Սոֆիա Իվարսոնը հայտնել է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում հոսպիտալացվել է տասը մարդ, որոնք նոր են վերադարձել Գերմանիայից:
Նրանք բոլորն ունեն հեմոլիտիկ-ուրեմիկ ախտանշաններ, որը կարող է բերել երիկամների սուր անբավարարության: Հարևան Դանիայում E.coli մանրէների կողմից հարուցված ինֆեկցիայի հետևանքով հոսպիտալացվել է 8 մարդ: Ավելի վաղ Գերմանիայի իշխանությունները Իսպանիային մեղադրեցին ներմուծված վարունգների պատճառով սկսված համաճարակի մեջ:
Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները հայտարարել են, որ իսպանական Ալմերիա և Մալագա քաղաքներում գտնվող ֆերմաները փակվել են, սակայն իշխանությունները հերքում են այդ լուրը:
Գերմանացի գիտնականները հիվանդության զարգացման անբնական տենդենց են նկատում, որը տարածվում է մասնավորապես միջին տարիքի կանանց մոտ: Ռոբերտ Կոխի անվան համալսարանի հետազոտությունները ցույց են տվել, որ հիվանդներն օգտագործել են լոլիկ, վարունգ և կանաչեղեն:
Ներկա պահին բժիշկներն անզոր են: Վերոնշյալ տարատեսակների վրա չի ազդում հակաբորբոքային դեղերի մեծ մասը: EHEC տարատեսակով վարակվելը կարող է հանգեցնել երիկամային սուր անբավարարության, կոմայի և մահվան: Մահացածների թիվը աճում է: EHEC մանրէները մարդուն են անցնում վարակված սնունդն օգտագործելուց, հում կամ լավ ջերմային մշակում չանցած մսից, կաթից կամ անմաքուր բանջարեղենից: Որպեսզի չվարակվեք այս հիվանդությամբ, անհրաժեշտ է պահպանել հիգիենայի տարրական նորմերը:







































