Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ, Թբիլիսիի քաղաքային դատարանը հեռակա կարգով վրացական ընդդիմության առաջնորդներից Նինո Բուրջանաձեի ամուսնու՝ Բադրի Բիցաձեի համար որպես ժամանակավոր խափանման միջոց սահմանել է 100,000 լարի (1 լարին հավասար է 0.63 դոլարի) կազմող գրավ։
Մայիսի 31-ին այդպիսի միջնորդությամբ Վրաստանի գլխավոր դատախազությունը դիմել էր Թբիլիսիի քաղաքային դատարանին, որն էլ այսօր բավարարել է այդ միջնորդությունը։
Բիցաձեն մեղադրվում է հատուկ կազմակերպված խմբերի միջոցով ոստիկանության վրա հարձակումների կազմակերպման մեջ (353-րդ հոդված, կետ 2-րդ)։ Նրան սպառնում է 4-7 տարվա ազատազրկում։
Բուրջանաձեն հայտարարել է, որ չի պատրաստվում վճարել այդ գումարը, իսկ Վրաստանի ՆԳՆ-ը հերքել է այն տեղեկատվությունը, թե սահմանապահ ոստիկանության նախկին պետ Բիցաձեն լքել է երկրի սահմանները։
Հիշեցնենք, որ Բադրի Բիցաձեի գտնվելու վայրն անհայտ է մնում մայիսի 28-ից։