Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է բանդայի գործով դատական նիստը: Դատարանը որոշում կայացրեց Արման Դալլաքյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել նրա մահվան հիմքով:
Ամբաստանյալ Քյարամ Ամոյանի շահերի պաշտպան Սամվել Հովհաննիսյանը միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալի նկատմամբ դատաբժշկական համալիր հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու մասին: Փորձաքննությունը պետք է հանձնարարել առողջապահության նախարարության միջգերատեսչական դատաբժշկական քննչական հանձնաժողովին, որպեսզի պարզի, թե գանգուղեղային հիվանդություններ ունեցող և սահմանափակ մեղսունակ ճանաչված Ամոյանը կարո՞ղ է մնալ կալանքի տակ, թե՞ ոչ: Պաշտպանը ներկայացրեց, որ Ամոյանի առողջական վիճակը գնալով վատանում է, այդ մասին է վկայում նաև Ամոյանի՝ ակնհայտորեն երևացող հիվանդագին տեսքը:
Նիստի ընթացքում Ամոյանը, առանց նախագահողի թույլտվության, ցանկանում էր դուրս գալ դահլիճից՝ պատճառաբանելով, թե քննվող գործը իրեն չի վերաբերում: Պաշտպանի միջնորդության դեմ արտահայտվեց միայն մեղադրողը: Պաշտպան Արսենյանը, միանալով միջնորդությանը, հայտարարեց, որ կա ներքին ցուցում, որպեսզի դատարաններին թույլ չտան մտնելու ՔԿՀ-ի «անտառը», այսինքն՝ միմիայն կալանավայրերը իրավունք ունենան դիմելու միջգերատեսչական հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու հարցով՝ կալանավորի առողջական վիճակի վատթարացման հետ կապված:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:









































