Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր իշխող Հանրապետական կուսակցությունը՝ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, գործադիր մարմնի նիստ է հրավիրել:
Նիստի ավարտից հետո կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի բացակայության պատճառով լրագրողները ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցին, թե ինչ է քննարկվել:
Վերջինս ասաց, որ քննարկվել են ներկուսակցական հարցեր, իսկ դատախազի փոփոխության վերաբերյալ ոչ մի հարց օրակարգում չի եղել․ «Դատախազի հարցը հաջորդ շաբաթ կքննակվի, որպեսզի հասարակությանը հնարավորինս հայտնի դառնա, թե նոր դատախազը ով կարող է լինել: Որևէ թեկնածուների մասին խոսակցություն չկա, ինչ որ լրատվություն տալիս են՝ կանխատեսումներ են»:
Հարցին, թե հնարավո՞ր է Աղվան Հովսեփյանը վերանշանակվի, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ նման խնդիր իրենք չեն քննարկել:
Անդրադառնալով Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ Գալուստ Սահակյանն ասաց. «Երբ Մաքսային միությունը ստեղծվեց, մենք մասնակցություն չենք ունեցել, բայց շահագրգիռ ենք եղել մասնակցելու, հիմա կտեսնենք ինչ վերաբերմունք կունենան, բացի Ռուսաստանից, մյուս երկու պետությունները՝ նոր վերջնական արձանաքում կլինի»:
Խոսելով ընդհանուր սահմանի բացակայության մասին՝ Սահակյանն ասաց, որ իրենք ելքեր են փնտրում, որպեսզի կարողանան որևէ բան ստեղծել. «Դա համատեղ քննարկումների արդյունքում կարձանագրվի»:
Լրագրողները Գ. Սահակյանին տեղեկացրեցին, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նիստից առաջ ասել է, որ իր դիրքորոշումը՝ ՄՄ-ի հետ կապված, չի փոխվել, և հարցին, թե կա՞ն արդյոք հակասություններ, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Ես չեմ կարծում հակասություններ կան, նա ընդգծված դիրքորոշում ունի։ Քննակումների փուլի վերջնական որոշումն այն է, ինչ հայտարարեց նախագահը»:
Պնդմանը, թե դա հակասություն է, քանի որ Տիգրան Սարգսյանը գտնում է, որ Հայաստանը չի կարող անդամակցել Մաքսային միությանը, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ոչ, հիմա կողմ է, և ոչ թե համոզել ենք, այլ քննարկվում է, որպեսզի կարողանանք արժեքավորել այն, ինչ արդեն արձանագրվել է»:
Պատասխանելով այն հարցին, թե Վիլնյուսում, ի վերջո, որևէ փաստաթուղթ ստորագրվելո՞ւ է, Սահակյանն ասաց․ «Այն բարեփոխումների ծրագրերը, այն ժողովրդավարության մոդելները, որ առաջարկվում է՝ բնականաբար, ընդունելի է, և մեր մասնակցությունը եվրաընտանիքում ակնհայտ կլինի, այստեղ արդեն փաստաթղթի խնդիր չէ: Մենք այս օրերին տեսնում ենք, ինչպես տարբեր քաղաքական գործիչներ ասում են, թե սա վերջն է, բայց այդպիսի վերջ գոյություն ունենալ չի կարող»:
Մանրամասները դիտեք տեսանյութում։









































