«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Սուրեն Զոլյանը։
– Պարոն Զոլյան, ընտրությունների ավարտից հետո բաց է մնացել հարցը, թե ով է լինելու 2018 թվականին Հայաստանի վարչապետը։ Դուք մեզ հետ զրույցում բազմիցս նշել եք, որ իշխանության ներսում կան տարբեր թևեր, տարաձայնություններ։ Արդյոք 2018-ին ընդառաջ՝ դրանք էլ ավելի ցայտուն կդառնա՞ն։
– Իհարկե, այդ տարաձայնությունները լինելու են։ Ընտրություններից հետո իրավիճակն ավելի պարզ է, և այն, ինչ հիմա տեղի է ունենում քաղաքական գործընթացների հետ, այդքան էլ կապ չունի։ Ավելի շուտ համակարգի ներսում որոշակի վերադասավորումներ են կամ, հիմա ինչպես ավելի մոդայիկ է ասել, օպտիմալացում։ Այսինքն՝ ռեսուրսները չեն հերիքում, և որոշ մարդիկ դուրս են մղվելու։ Օրինակ՝ համայնքների խոշորացում՝ որոշ համայնքների ղեկավարները, գյուղապետերը՝ ամենամանր իշխանիկները, վերին խավից դուրս կմնան։ Հիմնական խնդիրը հետևյալն է՝ ինչպես բաշխել առանց այն էլ սուղ ռեսուրսները, ոչ թե ինչպես ապահովել պետության զարգացումը։ Այս առումով եթե տեսնում եք՝ մեծ հետաքրքրություն են առաջացնում քաղաքականության հետ կապ չունեցող այնպիսի երևույթներ, ինչպիսիք են Սամվել Ալեքսանյանի աղջկա հարսանիքը, Հենրիկ Մխիթարյանի խփած գոլը, Դոն Պիպոյի մահափորձի պատվիրատուն։
Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյան-Սերժ Սարգսյան ինտրիգին, ապա իմ կարծիքով՝ ի սկզբանե ուրվագծվում էր, որ Կարեն Կարապետյանը պետք է իր տեղը զիջի Սերժ Սարգսյանին կամ նրա կողմից նշանակված որևէ մեկին։
Մենք հիմա ականատեսն ենք քաղաքականության զրոյացման, այսինքն՝ բոլոր պաշտոններին պետք է նշանակվի մի զրոյական արժեք ունեցող մարդ ու ղեկավարվի Սերժ Սարգսյանի կողմից։
– Ինքը՝ Սարգսյանը, չի՞ դառնա վարչապետ՝ ըստ Ձեզ։
– Ամենահավանականն, իհարկե, այն է, որ Սարգսյանը դառնա վարչապետ՝ պատճառաբանելով, որ ազգի համար որոշիչ պահ է, ազգ-բանակ էլ հռչակվեց, հենց դրա համար… պետք է արձանագրվի, որ Կարեն Կարապետյանը չի կարողացել պահել իր խոստումները՝ ներդրումները, տնտեսական աճը և այլն։ Ուստի նախկին պայմանավորվածությունները, որ տրվել են Կարապետյանին, թե նա պետք է շարունակի պաշտոնավարել վարչապետի պաշտոնում, այլևս առ ոչինչ են, քանի որ այդ մարդն ի վիճակի չէ պահել իր խոստումները։ Բայց նման գործընթացը ոչ թե արագ կզարգանա, այլ մինչև մարտ ամիսը կպահպանվի։
– Կարծում եք՝ Կարեն Կարապետյանն այդքան միամի՞տ էր, որ իր գործերը Մոսկվայում թողեց, եկավ մի քանի ամիս Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի PR-ով զբաղվեց և հիմա էլ պետք է հեռանա։
Կարապետյանը միամիտ չէ, կարծում եմ՝ նա իսկապես ուզում էր որևէ բան փոխել, բայց ինչպես ռուսական ասացվածքն է ասում՝ «И на старуху бывает проруха», կամ մեկ այլ լավ ասացվածք կա՝ «На всякого мудреца довольно простоты»։
– Իսկ ընդդիմության անելիքն այս ընթացքում ինչպե՞ս եք պատկերացնում։ Արդյոք հնարավո՞ր են ֆորս-մաժորներ։
– Այսօր ընդդիմությունը զրոյացված վիճակում է։ Ինչպես Սահմանադրությամբ է նախատեսված, պետք է լիներ ինստիտուցիոնալ ընդդիմություն, և եթե անգամ ընդդիմությունն այնքան թույլ լիներ, որ չհավաքեր այդ 30 տոկոսը, բոնուսի կարգով նրան տրվելու էր։ Ընդդիմությունն այսօր առանց իշխանության միջամտության ի վիճակի չէ որևէ գործողություն ծավալել։ Եթե խոսքը խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիրների մասին է, նրանք քաղաքական որևէ լուրջ գործընթաց չեն ծավալի։ Նրանց խաղը լիովին տեղավորվում է ներկուսակցական ինտրիգների մեջ։
Այսօր այնպիսի աբսուրդային իրավիճակ է ստեղծվել, որ խոսում են, թե ինչ պետք է լինի 2040 թվականին, բայց չեն ասում, թե ինչ կլինի այս տարվա դեկտեմբերին։
– Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է, որ անհրաժեշտ է խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության միավորում, նոր բևեռի ստեղծում։ Դա հնարավո՞ր է։
– 20-ական թվականներին մի բոլշևիկ կար՝ Տոմսկի, որն ասում էր, թե մեզ մեղադրում են՝ իբր չկա ընդդիմություն։ Ասում էր՝ իրականում կա ընդդիմություն, ուղղակի ի տարբերություն այլ երկրների՝ մեզ մոտ ընդդիմությունը բանտերում է, իրենց մոտ՝ խորհրդարանում։ Շատ անկեղծ ու հպարտությամբ ասաց, ճիշտ է, մի 5 տարի հետո ինքն էլ բանտում հայտնվեց, բայց դիպուկ էր ասված։ Հայաստանում էլ կա ընդդիմություն, բայց ոչ թե խորհրդարանում, այլ՝ բանտում։ Իսկ բանտից քաղաքական պայքար ծավալելն, ըստ իս, անհնար է։









































