Ծովակալ Իսակովի պողոտայի և Լենինգրադյան փողոցի միջև ավտոմայրուղու կառուցումը կրկնակի թանկ կնստի: «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի նախնական հաշվարկներով այն պետք է արժենար մոտ 3մլրդ 710 մլն դրամ, սակայն կարժենա 7 մլրդ 896 մլն դրամ: Ինչպես երևում է թվերն այնքան էլ իրար մոտ չեն և նոր հաշվարկով շինարարությունը մոտ կրկնակի թանկ է արժենում:
Սա բացատրում են նրանով, որ շինմոնտաժային աշխատանքների նախնական արժեքը հաշվարկվել էր խոշորացված ցուցանիշներով առանց տեղանքի հանույթի, երկրաբանական հետազոտության և նախատեսվող մայրուղու նախնական ընտրված ծրագծի երկարության և երկայնական կտրվածքի կարմիր նիշերի մոտավոր որոշմամբ: Կառավարության արձանագրային որոշման մեջ փոփոխություն կատարելու նախագիծը կներկայացնի Տարոն Մարգարյանը սեպտեմբերի 19-ի նիստի ժամանակ:
Բացատրությունների շարքը բավական երկար է: Նախ հիմնական մայրուղու փաստացի երկարությունը կազմել է 2.9 կմ’ նախնական ընդունված 2.6 կմ-ի փոխարեն, վայրէջքաուղիների (ուղետարերի) երկարությունը 2.3 կմ’ 1.9 կմ-ի փոխարեն: Լենինգրադյան և Ծիծեռնակաբերդ փողոցների խաչմերուկում, խիստ սահմանափակ տարածքում տրանսպորտային թունելի անխոչընդոտ կառուցման համար հարկ առաջացավ վերատեղադրելու Լենինգրադյան փողոցի առանցքով գործող կոյուղագիծը: Ծրագծի լավագույն տարբերակի ընտրման համար, կատարված էսքիզային մշակումներով վերջնական տարբերակով անհրաժեշտություն առաջացավ վերատեղադրել մայրուղու ընտրված ծրագրի երկայնքով գործող ջրատարը:
Նշվածներից բացի ծավալների լրացուցիչ մեծացումը առաջացել է մայրուղուն հատկացված հողատարածքում գոյություն ունեցող ավտոտնակ¬ների քանդման և տեղափոխման աշխատանքների հաշվի առմամբ, Իսակովի պողոտայի վրա կառուցվող կամրջի սահմաններում և մայրուղու ծրագծի այլ հատվածում բարձրավոլտ էլեկտրագծերի վերատեղադրմամբ, արտաքին լուսավորության լամպերի փոխարինմամբ ժամանակակից և արդյունավետ լուսադիոդային էներգախնայող լամպերով ու այլ պատճառներով:
Ըստ «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից կազմած կազմած նախագծի` ավտոմայրուղու շինարարության նախահաշվային ընդհանուր արժեքը կազմում է 7 մլրդ 896 մլն դրամ: Երևան համայնքի և «Սահակյանշին» ՓԲԸ-ի բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել նշված աշխատանքները և ծառայությունները «Սահակյանշին» ՓԲԸ-ի կողմից 6 մլրդ 409.3 մլն դրամով իրականացնելու հարցում: Աշխատանքների իրականացման և ծառայությունների բանակցված արժեքի` 6 մլրդ 409.3 մլն դրամի, դիմաց Երևան համայնքը կազմակերպությանն ուղղակի վաճառքի ձևով հատկացնում է նշված ճանապարհին կից առաջացող 9,16 հա մակերեսով հողամասը` մեկ քառ. մետրը մոտ 70 հազար դրամ հաշվարկով (9,16 հա x 70.000 դրամ = 6,412,0 մլն դրամ):








































