«Կառավարումը մասնագիտություն է: Դրա համար գիտելիքների մեծ պաշար պետք է ունենան որոշում կայացնողները: Իսկ թե այսօրվա որոշում կայացնողները ինչ դպրոց են անցել, ինչ գիտելիքներ ունեն, այնքան էլ հասկանալի չէ: Մեզ մոտ կառավարումը Քաջ Նազարի հեքիաթի պես է իրականացվում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք այսօր Հայաստանում ճիշտ կառավարում է իրականացվում, նախարարությունների թիվը, դրանց աշխատակազմն արդյո՞ք ուրճացված չէ:
Օրինակ՝ ԱԺ նոր նախագահ Արա Բաբլոյանը պաշտոնի նշանակվելուց հետո անցել է ուռճացված աշխատակազմի կրճատմանը: Նա պարզել էր, որ ԱԺ նախագահն ունի 23 օգնական ու խորհրդական, դրանց մեծ մասն արդեն ազատվել է աշխատանքից։ Նախկին նախարարի խոսքերով՝ այս ոլորտը լուրջ ուսումնասիրության կարիք ունի: «Պետք է լուրջ վերլուծություն կատարել և պարզել, ասենք՝ ինչու 23 և ոչ թե 60 օգնական կամ խորհրդական, կամ առհասարակ այդ օգնականների ու խորհրդականների ինստիտուտը պե՞տք է, թե՞ պետք է վերացնել: Կամ նախարարությունների թիվը, որը Սահմանադրությամբ է ամրագրվում: Սահմանադրությամբ նախարարությունների թիվ ամրագրելն աբսուրդ է, քանի որ այս ոլորտը բավական ճկուն է և պետք է հնարավորություն տալ, որ կառավարության համակարգն ավելի ճկուն լինի: Նախարարությունների թվի հարցը պետք է թողնվեր ԱԺ-ին»,- նկատեց նախկին նախարարը:
Արարատ Մկրտչյանի խոսքերով՝ այսօր բավականին ուռճացված է նախարարությունների թիվը: Նրանք ընդամենը զբաղված են ոլորտի քաղաքականությունը մշակելով և դրանք համապատասխան օրենսդրական նախաձեռնություններում ամրագրելով: Բայց այսօր մի շարք նախարարություններ կան, որ պետք չէր: Բայց շատ են նաև նախարարությունների կառուցվածքային ստորաբաժանումները: Չկա որևէ հետազոտություն, թե մեզ քանի նախարարություն է պետք»:
Առհասարակ, նախկին նախարարի խոսքերով՝ արտասահմանյան մի շարք երկրների համեմատությամբ, մեր երկրում սպիտակօձիգավորների թիվը շատ-շատ է, որը շռայլություն է մեր նման երկրի համար: «Թիվը 10-15 հազարն անցնում է: Դա ահռելի թիվ է: Մարզպետարաններում, նախարարության տարբեր ստորաբաժանումներիում մարդիկ կան, որոնք հասկանալի չէ, թե ինչով են զբաղված: Առհասարակ մեր երկրի կարիքները հաշվի առնելով, ուսումնասիրելով՝ միայն կարելի է հետևություններ անել և նշանակումներ անել: Բայց մեր երկրի կառավարման համակարգի շուրջ քայլեր չեն արվում»,- ասաց Մկրտչյանը:
Մեր զրուցակցի խոսքերով՝ շատ է խոսվում, որ վարչապետը մենեջեր է, բայց դա դեռ չի նշանակում, որ նա իր կառավարական թիմի հետ տիրապետում է կառավարման հմտություններին: «8-9 ամիս է մենք միայն հայտարարություններ ենք լսում լուրջ դեմքով, բայց ոչ մի գործողություն»,- ասաց Մկրտչյանը:
Նրա խոսքերով՝ Հայաստանում արդյունավետ կառավարում չի իրականացվում, քանի որ ոչ թե հաշվի են առնվում երկրի կարիքները, այլ այս կամ այն անձը: Սկզբում դիտարկվում է անձը, նոր պաշտոնը: Անձի համար պաշտոն են ստեղծում, հետո նոր քննարկում մնացած հարցերը:
«Այս ամենից զատ ես կուզենայի անդրադառնալ նաև քաղծառայությանը: Քաղծառայության կառույց կա, ունի իր ղեկավարները, նստավայրը, մեքենաները, հսկայական աշխատակազմ: Այս ամենը գոյություն ունի, որպեսզի ապահովի ամեն մի չինովնիկի աշխատանքի, գերատեսչությունների աշխատակազմի սահուն գործունեությունը: Բայց ինչ ենք տեսնում՝ նախարարը փոխվում է, գալիս է նորը և ասում է՝ դու, նա, մյուսը դուրս չեք գալիս․ մեկը բոյով է, մյուսը քաչալ, էն մյուսը գեր է, ու այդ «չափորոշիչների» հիման վրա քաղծառայության մասին օրենքը ոտնահարվում, ու տարիների ընթացում հմտություններ ձեռ բերած անձը մեկ անձի քմահաճույքի հիման վրա ազատվում է աշխատանքից: Բա էդ դեպքում ինչի համար է օրենքը, այդ հսկայական կառույցը: Բա լուծարենք, եթե մարդը պաշտպանված չէ»,- նկատեց Մկրտչյանը:
Նրա խոսքերով՝ երբ 2002-ին ընդունվում էր Քաղծառայության մասին օրենքը, արդեն իսկ ձևավորված էր կոալիցիոն գաղափարը, ուրվագծվում էր կոալիցիան, այդ իսկ պատճառով էլ փոխնախարարների ինստիտուտը պահպանվեց: Հակառակ դեպքում, այդ օրենքը, իր դասական ձևով և միջազգային փորձը հաշվի առնելով, սահմանում էր, որ պետք է լինի նախարար, աշխատակազմի ղեկավար և աշխատակազմ, որը լավագույն փորձն է: «Բայց այդ կոալիցիոն գաղափարն աղավաղեց ամեն ինչ և 2003-ին, երբ արդեն ձևավորվեց կոալիցիոն կառավարությունը, կոալիցիայի մաս կազմած 3-4 կուսակցության նախարարները բերեցին փոխնախարարներ, մտցրեցին հայեցողական պաշտոններ: Հիմա նախարարություններ կան, որոնք 3-4 փոխնախարար ունեն, բայց ոչինչ չեն անում: Ես պարզ օրինակներ եմ բերում, որոնք վերլուծության, ուսումնասիրության անհրաժեշտություն ունեն: Մենեջերը դա դիրեկտորը չի: Բայց մեր վարչապետը լավ դիրեկտոր է: Նրան պետք է մի հիմնարկ տալ, լավ դիրեկտորություն կանի»,- եզրափակեց նախկին նախարարը:









































